Այսօր` նոյեմբերի 8-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Մարտին Սարոյանի, հրապարակվեց թիվ ՇԴ/0046/01/12 քրեական գործով դատավճիռը:
Սույն գործով երեկ պաշտպանը մոտ մեկ ժամ ու կես տևած ճառով հանդես եկավ, որով ապացուցված համարեց ամբաստանյալի անմեղությունը և միջնորդեց դատարանին կայացնել արդարացման դատավճիռ:
Դատարանը այսօր հրապարակեց դատավճռը, սակայն` մեղադրական: Ամբաստանյալ Տիգրան Մանուկյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով կատարված հանցագործության մեջ և դատապարտեց ազատազրկման 5 տարի ժամանակով և ավտոմեքենա վարելու իրավունքից զրկելով 3 տարի ժամանակով: Ինչպես նաև ամբաստանյալից հօգուտ տուժող Աշիկ Գրիգորյանի իրավահաջորդի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, իսկ տուժող` Կարապետ Մելքոնյանի իրավահաջորդի բռնագանձել 400.000 ՀՀ դրամի չափով գումար` որպես հուղարկավորության ծախս:
Ամբաստանյալի հարազատները դժգոհ էին կայացված դատավճռից և դատավորին «անխիղճ» անվանեցին:
Դատարանը պարզաբանեց դատավճռի բողոքարկման կարգն ու ժամկետները, իսկ խափանման միջոց` կալանավորումը, թողնվեց անփոփոխ:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net