Զինված խմբի գործով ամբաստանյալներին թույլատրվեց մերձավոր ազգականների հետ տեսակցություններ ու հեռախոսազանգեր ունենալ

Այսօր Արթուր Վարդանյանի կողմից հավաքագրված ենթադրյալ զինված խմբի գործով հերթական դատական նիստը տեղի ունեցավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ։ 

Դատարանում այսօր հետազոտվեցին լրացուցիչ հարցաքննության արձանագրություններ, խուզարկության հանձնարարություններ, այն իրերի ցանկը, որ հայտնաբերվել էին զինված խմբի վարձակալած բնակարանից:

Ամբաստանյալ Արթուր Վարդանյանն ասաց, որ նշված որոշ իրեր, մասնավորապես ժամացույցներն ու մատանիները, չեն պատկանում իրենց, այլ այդ տանն են եղել:

Դատավորը ներկայացրեց նաև  ամբաստանյալ Նելլի Մինասյանի հարցաքննության արձանագրությունը, ըստ որի,  նա զինված խմբի մյուս ՝ ամբաստանյալ աղջիկների հետ մուտք է գործել Հանրային հեռուստաընկերություն, որպեսզի ներկա լինի «Երգ երգոց» հաղորդման նկարահանմանը: Այս ընթացքում, ըստ Նելլի Մինասյանի հարցաքննության արձանագրության, իրենց ուղեկցել է ամբաստանյալ Տիգրան Բոյաջյանը:

Այս տեղեկությունը հերքվեց ինչպես Տիգրան Բոյաջյանի պաշտպանի, այնպես էլ հենց նրա կողմից․ Բոյաջյանը հայտնեց, որ ինքն առհասարակ չի եղել Հանրային հեռուստաընկերության տարածքում:

Դատական նիստի ընթացքում   պաշտպանների միջնորդությամբ դատարանը վերացրեց  բոլոր ամբաստանյալների նկատմամբ կիրառված մերձավոր ազգականների հետ  տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքը:

Այնուհետև  Նելլի Մինասյանը, ով այս տարվա հունվար ամսին աղջիկ է ունեցել, միջնորդեց դատարանին ընդմիջում տրամադրել, որպեսզի կարողանա կերակրել երեխային: Դատարանը ընդմիջուըմ հայտարարելու փոխարեն նշանակեց հաջորդ դատական նիստը, որը տեղի կունենա հաջորդ ուրբաթ` փետրվարի 23–ին:

Հիշեցնենք, որ զինված խմբի անդամներին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու համար: Ըստ մեղադրական եզրակացության նրանք նպատակ են ունեցել  Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սոնա Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել