Ի՞նչ է ընտանեկան դրամագլուխը

Երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը վճարվում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին (պետական աջակցության հաշիվ) մուտքագրելու միջոցով:

Ընտանեկան դրամագլուխը պետական աջակցության հաշվին առկա միջոցներն են:

Ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է՝

1) երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում տրվող՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին փոխանցած միջոցներից.

2) պետական աջակցության հաշվին առկա միջոցների դիմաց հաշվեգրվող տոկոսներից.

3) պետական աջակցության հաշվին օրենքով չարգելված այլ մուտքերից:

Ընտանեկան դրամագլուխը, մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից՝ բացառապես`

1)      Հայաստանի Հանրապետությունում բնակարանի գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը.

2)     հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի՝ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (այդ թվում՝ նաև նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.

3)     հաշվետիրոջ, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի համար Հայաստանի Հանրա­պետությունում բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար:

Վերը նշված դեպքերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դիմում է բանկ` ներկայացնելով պետական աջակցության հաշվի պայմանագրով սահմանված փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախա­րարի թույլտվությամբ, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլուխը կարող է ծախսվել հաշվետիրոջը, հաշվե­տիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամին, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչին անհետաձգելի բժշկական օգնության դիմաց Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված համավճարը վճարելու համար, եթե դիմելու օրվա դրությամբ հաշվետերն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի կազմում և հաշվետերը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամը, հաշվետիրոջ օրինական ներկայացուցիչը չունեն  այդ բժշկական օգնությունը պետական պատվերի կամ բժշկական ապահովագրության շրջանակներում ձեռք բերելու իրավունք:

Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանե­կան դրամագլուխը` 18 տարին լրանալուց հետո:

Ընտանեկան դրամագլուխը Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ տնօրինվելու դեպքում պետական աջակցության հաշվից ելքագրված միջոցները ենթակա են բռնագանձման դրանք տնօրինելու համար դիմում ներկայացրած անձից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել