Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, շարունակվեց Բելլա Հարությունյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Բելլա Հարությունյանը բողոք է ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և խնդրել է, որ հետաքննիչ Աբովյանի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնել:
Այսօրվա դատական նիստին ներկայացել էին բողոք ներայացնող անձը`Բելլա Հարությունյանը, Կենտրոնի 1-ին բաժնի հետաքննիչ Աբովյանը և մեղադրող: Նախագահող դատավորը, բացելով դատական նիստը, բացատրեց կողմերի իրավունքները և պարտականությունները:
Դատարանն անցավ դատաքննության փուլ: Բողոքը հիմնավորելու համար հանդես եկավ Բելլա Հարությունյանը և հայտնեց, որ ինքը և իր նախկին ամուսինը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են: Դրանից հետո նախկին ամուսինն իրեն դաժանաբար ծեծի է ենթարկել: Կինը դիմել է Կենտրոնի ոստիկանություն սակայն իր հաղորդումը հանցագործության մասին մերժվել է: Բելլա Հարությունյանը տեղեկացրեց, որ հետաքննիչը կողմնակալ մոտեցում է ցուցաբերել, օբյեկտիվ քննություն չի կատարել և դատաբժշկական փորձաքննությունը ժամանակին չի անցկացրել: Բողոքի ներկայացման ժամանակ հետաքննիչն ու մեղադրողը ժպտում էին:
Հետաքննիչն առարկեց բողոքի դեմ: Նրա կարծիքով կատարվել է օբյեկտիվ քննություն, նյութեր է նախապատրաստել, բացատրություն է վերցրել քաղաքացու նախկին ամուսնուց, որը հերքեր է ծեծի ենթարկելու փաստը: Վերջինս հաստատել է, որ վիճաբանություն եղել է, սակայն նրան չի ծեծել: Ըստ հետաքննիչի՝ անձի գործողությունների մեջ բացակայել է հանցակազմը, նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Դատարանից նա խնդրեց մերժել քաղաքացու բողոքը:
Մեղադրող կողմը նշեց, քանի որ բողոք բերող անձը հետաքննիչի որոշումը չի բողոքարկել դատախազին, ապա նոր միայն դատարան, դատավարական խախտում է տեղի ունեցել: Մեղադրողն այդ հիմքով խնդրեց դատարանին մերժել Բելլա Հարությունյանի բողոքը:
Նշենք, որ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի՝ քրեական գործի հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը: Իսկ նույն հոդվածի 5-րդ կետի՝ քրեական գործի հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը: Այսինքն՝ օրենքը չի պարտադրում, որ քննիչի որոշումը պետք է պարտադիր բողոքարկվի դատախազին, նոր՝ դատարան, այլ տալիս է բողոքարկման երկու հնարավորություն:
Դատարանը, հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, դատաքննությունը ավարտեց և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց Բելլա Հարությունյանի բողոքը մերժել:
Քաղաքացի Բելլա Հարությունյանը սույն գործով դիմել է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոն:
Հանրային թղթակից՝ Արա Ղարագյոզյան
Աղբյուրը` Իրավաբան.net