Երիկամի խնդիր ունեցող երիտասարդը զորակոչվել է․ բժիշկը ամբաստանյալի աթոռին է պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար

Վիրաբույժ, բժիշկ-փորձագետ Հայկ Խեչոյանը ամբաստանյալի աթոռին է՝  պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչը հետևանքներ է առաջացրել այլ անձանց համար։ Գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Խեչոյանն ընդգրկված է եղել  Արաբկիրի տարածքային զորակոչային հանձնաժողովի կազմում որպես վիրաբույժ, փորձագետ-բժիշկ։ Զորակոչիկի մոտ պարտադիր հետազոտության ընթացքում հայտնաբերվել է «ձախ երիկամի հիպոպլազիա 8.6×4.2սմ չափսեր» և այս դեպքում պարտավոր է եղել զորակոչիիկին ուղարկել հետազոտման քաղաքացիական բժշկական հաստատություններ։ Սակայն հիմնվել է սեփական փորձի ու իր կողմից կատարված ոչ լիարժեք զննության տվյալների վրա, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չի կատարել, 20.01.2016թթվագրված արձանագրությամբ եզրակացրել է, որ զորակոչիկը պիտանի է զինվորական ծառայությանը:

Ոչ լիարժեք բուժհետազոտման պայմաններում տղան զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության: 14 ամիս ծառայել է ՀՀ զինված ուժերում, ներգրավվել է ռազմաիրավական հարաբերությունների մեջ, խաթարվել է պետության՝ զորակոչը կազմակերպելու և անցկացնելու բնականոն ընթացքը, հեղինակազրկվել են բժշկական և զինվորական իրավասու մարմինները։

Իրավաբան.net-ի հետ զրույցում տուժող ճանաչված տղայի ծնողներն ասացին, որ իրենց որդու ծառայության ընթացքում իրենք տեղեկացած չեն եղել նրա առողջական խնդրի վերաբերյալ: «Այնպես է ստացվել, որ մեր տղային տարել են բանակ, ծառայել է 14 ամիս, որից հետո նա գրիպ է ընկել, տարել են, նայել են ու տեսել, որ տարբերվում են երիկամների չափսերը:Այսինքն՝ մեկը մեծ է, մյուսը՝ փոքր: Դա չի նեղում կամ ցավացնում իրեն: Ոչ մի բողոք կամ ցավ չունի: Այդ դեպքից հետո որոշում է կայացվել և համարել են ծառայությանը ոչ պիտանի, որն էլ հաստատել են զինվորական գրքույկում և ազատել հետագա ծառայության պարտավորությունից»,-մեզ հետ զրույցում ասաց Արայի մայրը:

Այս գործում հատկանշական է այն փաստը, որ Արայի ծնողները նույնիսկ կողմ են եղել, որ իրենց որդին ծառայի ՀՀ զինված ուժերում և չեն ցանկացել, որ հիվանդության խնդրից ելնելով զորացրվի ու համարվի ոչ պիտանի, որպեսզի հետագայում դա  խոչընդոտ չհանդիսանա աշխատանքի հարցում․ «Փառք Աստծուն, ինչ է եղել: Մեր տղան իրեն լավ է զգում: Ոչ ջերմում է, ոչ էլ բողոքում»,-մեզ հետ զրույցում ասացին Արայի ծնողները:

Մեզ հետ զրույցում Արան նույնպես հաստատեց, որ իրեն լավ է զգում և չի բողոքում առողջական վիճակից:

Նրա ծնողները նշեցին, որ ցանկանում են արդար դատաքննություն, քանի որ սխալ եզրակացության հետևանքով իրենց որդին տուժել է:

Այս գործով երեկ դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալ Հրաչ Խեչոյանի բացակայության պատճառով: Մեղադրող դատախազ Վ. Մարտիրոսյանը միջնորդություն ներկայացրեց․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստին ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է, գտնում եմ, որ ևս մեկ անգամ պետք է ծանուցագիր ուղարկել, թե՛ վկաներին, և թե՛ ամբաստանյալին՝ դատական նիստին ներկայությունն ապահովելու նպատակով»:

Դատարանը հայտարարեց, որ ոստիկանության միջոցով հաջորդ դատական նիստին կապահովվի վկաների և ամբաստանյալի ներկայությունը: Այսպիսով դատական հաջորդ նիստի օր նշանակվեց դեկտեմբերին:

Ծանուցում. «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի» 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net


Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել