Որդեգրումը կատարում է դատարանը՝ երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) դիմումով։ Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի քննությունը դատարանը կատարում է հատուկ վարույթի՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Որդեգրումը հաստատելու վերաբերյալ գործերով պարտադիր մասնակից են հանդիսանում խնամակալության և հոգաբարձության մարմինը և որդեգրել ցանկացող անձը:
.
Երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է ՀՀ մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ:
.
Երեխաներին որդեգրման հանձնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում որդեգրողների ընտանիքներում երեխաների կյանքի և դաստիարակության պայմանների նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվում է վերահսկողություն:
.
Որդեգրված երեխայի և որդեգրողի (որդեգրողների) իրավունքներն ու պարտականությունները ծագում են որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Դատարանը պարտավոր է երեխայի որդեգրումը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այդ վճռի քաղվածքն ուղարկել վճռի կայացման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին՝ որդեգրման պետական գրանցման համար:
.
Աղբյուրը` Իրավաբան.net