Մեզ կոնկրետ քայլեր են պետք, թղթերին ու կնիքներին էլ չենք հավատում. այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց գործադուլ հայտարարած Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնաական դպրոցի «Հայոց լեզվի և գրականություն» առարկայի ուսուցչուհի Տաթևիկ Սարգսյանը:
Նշենք, որ երեկ հայտարարություն էր տարածվել, որ այսօրվանից դպրոցը անժամկետ դասադուլ է հայտարարելու։
Տաթևիկ Սարգսյանի խոսքով՝ դեռ 2007 թվականին կար որոշում, որով դպրոցը պետք է հիմնանորոգվեր, սակայն որոշումը այդպես էլ մնաց թղթի վրա:
«Դպրոցում սովորում է 602 աշակերտ, չնայած նրան, որ շենքը նախատեսված է 200 աշակերտի համար: Չկան տարրական պայմաններ: Մի սանհանգույց է գործում, երեխաները հերթ են կանգնում այնտեղ մտնելու համար»,-ասաց նա:
Ուսուցչուհու խոսքով՝ երեկ ծնողները և ուցուցչակազմը միաձայն որոշում կայացրեց գործադուլ հայտարարել և այն չի դադարելու, քանի դեռ գործնական քայլեր չեն արվել:
«ԿԳ նախարարութնից զանգել են, ասել են, որ իրենց ներկայացուցիչը հարևան համայնքում է ու այստեղ էլ կգա, բայց դա միայն հեռախոսային խոսակցություն է եղել: Ոչ ոք այստեղ դեռ չի եկել»,-նշեց Տաթևիկ Սարգսյնաը:
Հիշեցնենք, որ Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում սա առաջին գործադուլի դեպքը չէ: Ուսուցիչները գործադուլ էին հայտարարել նաև 2007-ին: Դպրոցի հիմնանորոգման որոշումը կայացվեց, սակայն չիրագործվեց:
Եվգենյա Համբարձումյան