Վանաձորյան ՀԿ-ների համար դասընթաց կազմակերպվեց՝ նոր օրենսդրության վերաբերյալ

Հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործունեությունը վերահսկող լիազոր մարմինը այսուհետև ոչ թե արդարադատության նախարարությունն է, այլ պետական եկամուտների կոմիտեն: Օրենսդրության փոփոխության արդյունքում մի շարք լիազորություններ են ընձեռվել ՀԿ-ներին, ինչպեսև նոր պարտականություններ են առաջացել նրանց համար:

Այսօր Վանաձորում  հերթական դասընթացն անցկացվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ: Դասընթացը կազմակերպվել էր  Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի իրավաբան Արթուր Սուքիասյանը շուրջ տասը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայացրեց նոր օրենքով նախատեսված կարևոր փոփոխությունները, պրակտիկայում հանդիպող խնդիրները և դրանցից խուսափելու միջոցները:

Մասնավորապես, նա նշեց, որ դրական նորամուծություններին զուգահեռ նոր օրենքում կան խնդրահարույց դրույթներ՝ կապված հարկման ռեժիմների հետ. մասնավորապես, դեռևս պարզ չէ, թե արդյոք շահութահարկի կարգով է հարկումը լինելու է, թե՝ ոչ, արդյո՞ք դրամաշնորհներից ստացվող մուտքերը հարկվելու են, թե՝ ոչ:

Դասընթացի ավարտից անմիջապես հետո Արթուր Սուքիասյանը խորհրդատվություն տվեց մի քանի ՀԿ ներկայացուցիչների, ինչպեսև ֆիզիկական անձի, ով ցանկանում էր նոր ՀԿ ստեղծել:

Հիշեցնենք՝ 2016թ․ դեկտմբերի 16-ին Ազգային ժողովն ընդունեց Հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքը, այն ուժի մեջ մտավ 2017թ․ փետրվարի 4-ին։ Օրենքը մի շարք նորամուծություններ և խնդրահարույց նորմեր է պարունակում։ Դասընթացները տեղի են ունենում Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակներում, հերթական ուսուցումը նախատեսված էր Լոռու մարզի կազմակերպությունների համար։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել