Մոսկվան ու Անկարան կնքել են Թուրքիա C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագիրը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայությունը, հայտնում է Интерфакс-ը:
«Թեմայի յուրահատկության և զգայունության պատճառով այս փուլում կոռեկտ չենք համարում բացահայտել բոլոր մանրամասները»,- նշել են ծառայությունում:
Գերատեսչությունում պարզաբանել են, որ պայմանագիրը մեկնաբանելու առաջնահերթ իրավունքը պատկանում է պատվիրատուին:
«Ընդ որում՝ անհրաժեշտ է ընդգծել, որ Թուրքիային տվյալ համակարգի մատակարարումը համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական շահերին»,- հավելել են ծառայությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան արդեն ռուսական կողմին է հանձնել անհրաժեշտ կանխավճարը՝ Ռուսաստանի Դաշնությունից С-400 զենիթահրթիռային համալիրների գնման համար:
Ավելի վաղ Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը չի խոչընդոտում երկիր ռուսական С-400 համակարգերի մատակարարումներին:
Թուրքիայի նախագահն իր հերթին շեշտել է, որ Թուրքիան որևէ մեկին հաշվետու չէ իր անվտանգությունն ապահովելու ճանապարհին կատարած քայլերից և «իր անկախությունը պահելու հետ կապված որոշումներն ինքնուրույն է կայացնում»:
Էրդողանը չի մոռացել կոչեր հղել նաև Արևմուտքին՝ պնդելով, որ Թուրքիայի հետ բարեկամ համարվող դաշնակից երկրները ժամանակին հրաժարվել են Թուրքիային անօդաչու սարքեր վաճառել, մինչդեռ, ըստ Էրդողանի, զինել են ահաբեկիչներին: