Իրավաբանական օգնություն՝ ՀԿ-ների կանոնադրությունները վերանայելու և պետռեգիստրում գրանցելու համար

Մինչև մյուս տարվա փետրվարի 4-ը հասարակական կազմակերպությունները (ՀԿ) կարող են իրենց կանոնադրությունները վերանայել, համապատասխանեցնել նոր օրենքին և անվճար գրանցել իրավաբանական անձանց պետական ռեգիստրում․ այս մասին այսօր ՀԿ ներկայացուցիչներին հայտնեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ՔՀԿ-կառավարություն երկխոսության համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը՝ «ՀԿ-ների մասին» նոր օրենքի վերաբերյալ կազմակերպված դասընթացին։

«Արդեն իսկ բավական մեծ թվով կանոնադրություններ, որոնք մեր իրավաբանների կողմից խորհրդատվության և օգնության շնորհիվ վերանայվել են և ներկայացվել են գրանցման․ մի մասն արդեն իսկ վերագրանցվել են, մյուս մասը վերագրանցման փուլում են»,- ասաց Սյուզաննա Սողոմոնյանը՝ պատասխանելով ՀԿ ներկայացուցիչների այն հարցին, թե արդյոք օգնություն տրամադրվում է այս հարցում։

Նշենք, որ Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում ՀԿ ներկայացուցիչների համար դասընթացներն ու անվճար իրավաբանական խորհրդատվությունները իրականացվում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Այսօր ավելի քան 10 ՀԿ ներկայացուցիչների ներկայացվեցին նոր օրենքով սահմանված խաղի կանոնները, պրակտիկայում հանդիպող խնդիրներն ու դրանցից խուսափելու միջոցները։ Օրինակ, ռիսկեր կան անմիջական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու վերաբերյալ: ՀԿ ներկայացուցիչներին նախ զգուշացրեց, որ ձեռնարակատիրական գործունեությունից ստացված եկամուտները պետք է ուղղվեն բացառապես ՀԿ-ի կանոնադրական նպատակների իրականացմանը և ենթակա չեն անդամների կամ ղեկավար կազմի մեջ բաշխելուն:

Այս դեպքում խնդրահարույց է, թե ՀԿ-ները ինչ կարգով են հարկվելու, նրանց ստացած որ տիպի եկամուտներն են հարկման ենթակա, և այլն։

Դասընթացի մասնակիցները մեծապես կարևորեցին նման դասընթացների անցկացումը, նշելով, որ այն արդյունավետ է հետագա գործունեությունը օրինական դաշտում և առանց խոչընդոտների շարունակելու համար։

Դասընթացի ավարտին մի շարք ՀԿ ներկայացուցիչներ գրանցվեցին՝ իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել