Դատարանում հետազոտվեցին դատավորին ձերբակալելու վերաբերյալ տեսանյութերը

 Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք ստանալու գործով դատավարությունը։

Ինչպես արդեն իսկ բազմիցս  նշել ենք, այս անգամ էլ նիստն անցկացվեց փաստացի դռնփակ պայմաններում, քանի որ նիստերի դահլիճի ապակեպատ լինելու հետևանքով հնարավոր չէ պարզորոշ հասկանալ, թե ինչ հարցեր են քննարկվում նիստի ընթացքում։

Այս խնդրի մասին բազմիցս ահազանգել ենք, սակայն ապարդյուն։ Կարևորագույն այս գործով նիստերն անցկացվում են ոչ թափանցիկ պայմաններում։

Ինչևէ, նիստի դատավարության ընթացքից հասկանալի էր, որ դատավարությունը ներկայումս ապացույցների հետզոտման փուլում է։ Դատարանում ցուցադրվեցին Իշխան Բարսեղյանի ձերբակալության պահին կատարված տեսանյութերը։

Պաշտպանական կողմը հայտնեց, որ դրանք հատվածական են, ամբողջական ներկայացված չեն, մոնտաժված են և խեղաթյուրում են իրողությունը։

Հիշեցնենք,որ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Հատուկ քննչական ծառայությունը հարուցել էր քրեական գործ, որի շրջանակներում դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվելով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով:

Համաձայն մեղադրական եզրակացության, Իշխան Բարսեղյանը 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Այնուհետև քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փաստաբան Էլզա Զաքարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը:  Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն:

Լիանա Մարտիրոսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել