Այսօր՝ հուլիսի 7-ին, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին փորձարկեց արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառը 2017թ-ի «Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության պաշտոնական կայքից։
Ըստ աղբյուրի՝ արևային վահանակները հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ՝ երկրում վերականգնվող էներգիայի օգտագործումը խթանելու համար: Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և թույլ են տալիս մայրաքաղաքի բնակիչներին և այցելուներին՝ անվճար լիցքավորելու բջջային հեռախոսները և թվային այլ սարքավորումներն արևային էներգիայով: Յուրաքանչյուր կանգառ կարող է ամբողջովին լիցքավորել օրական 24 հեռախոս: Մեկ հեռախոսը լիցքավորելու համար անհրաժեշտ է 5 Վտ հզորությամբ էլեկտրական հոսանք: Լիցքավորման տևողությունը կախված է հեռախոսի և այլ սարքավորումների ապրանքանիշից և տեխնիկական տվյալներից:
«Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով մեկշաբաթյա նախաձեռնությունն անցկացվում է Երևանում և մարզերում հուլիսի 3-ից 7-ը Հայաստանում ԵՄ պատվիրակության, գործընկեր կառույցների և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի նախաձեռնությամբ: Միջոցառումների նպատակն է ներկայացնել Եվրոպական միության աջակցությունը էներգետիկայի ոլորտում բարեփոխումների իրականացման գործում, ինչպես նաև վերականգնվող, այլընտրանքային ու կայուն էներգիայի ոլորտում վերջին զարգացումներն ու հեռանկարները ԵՄ ֆինանսավորմամբ և գործընկեր կառույցների ներգրավվածությամբ իրականացվող ծրագրերի միջոցով: Մեկշաբաթյա նախաձեռնության նպատակն է նաև բարձրացնել իրազեկման մակարդակը Հայաստանում էներգաարդյունավետության, էներգետիկ անվտանգության և բազմազանության վերաբերյալ քաղաքացիների, մասնավոր և հանրային հաստատությունների, բիզնես ոլորտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու երիտասարդների շրջանում:
Նախաձեռնության շրջանակում տեղի ունեցան քննարկումներ, հանրային զրույցներ ու շրջայցեր՝ ներկայացնելու համար ոլորտում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունքներն ու նպաստելու էներգաարդյունավետության խթանմանը Հայաստանի քաղաքային ու գյուղական համայնքներում:
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին նշում է «ԵՄ էներգաարդյունավետության օրեր» նախաձեռնության վերաբերյալ. «Հայաստանում էներգետիկ ոլորտը առաջնահերթություն է և կշարունակի հետագայում էլ առաջնային լինել Եվրոպական միության համար: Այն օգնում է դիմակայել տնտեսական աճի հիմնական խոչընդոտներին, բարելավել մարզերում ապրող բազմաթիվ հայերի կենսապայմանները, ինչպես նաև նվազեցնում է էներգետիկ կախվածությունը»:
Եվրոպական միությունը երկարաժամկետ աջակցություն է տրամադրում Հայաստանին տեղական, համայնքային ու պետական մակարդակով էներգաարդյունավետության խթանման նպատակով:
Հայաստանի համար կարևորագույն զարգացում էր 2016թ-ի մարտին Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերությանը (E5P) միանալը: Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համաձայնագրի ստորագրումը՝ 10 մլն եվրո ֆինանսավորմամբ, հնարավորություն է տալիս Հայաստանին օգտվել 20 մլն եվրոյի չափով դրամաշնորհային միջոցներից: Վերջիններս նախատեսված են քաղաքային բնակավայրերում էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված այնպիսի առաջնահերթ ծրագրերի իրականացման համար, ինչպիսիք են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնումը, կոշտ թափոնների կառավարումը, փողոցային լուսավորությունը և հանրային շենքերի ջերմամեկուսացումը:
Կենսական ռազմավարական նշանակությամբ մեծամասշտաբ ծրագիր է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը, որն իրականացվում է Գերմանական Զարգացման Բանկի (KfW) և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ համատեղ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի միջև միջսահմանային էներգիայի փոխանակման կամրջի կառուցում էլեկտրահաղորդման գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի միջոցով: Ծրագիրը կնպաստի Հայաստանում էներգետիկ ռեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացմանը և տարածաշրջանային ինտեգրացիային:
Էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված մեկ այլ առանցքային նախաձեռնություն է «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագիրը: Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագիրը կոչված է մշակելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ Վայք և Սպիտակ քաղաքների բազմաբնակարան և հանրային շենքերում: Ծրագրի նպատակներից է Սպիտակի և Վայքի 45 բազմաբնակարան և 2 հանրային շենքերում խնայել տարեկան 15-30% էներգիա, նպաստել ածխաթթու գազի արտանետումների նվազեցմանը, բարձրացնել շենքերի բնակիչների իրազեկվածության մակարդակը շենքերի բնակիչների շրջանում, զարգացնել քաղաքապետարանների՝ կայուն էներգետիկ ծրագրեր իրականացնելու կարողությունները:
Իրավաբան.net