Երևանի ավագանու ընտրություններին` ըստ նախնական արդյունքների հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ընտրողների գերակշիռ մասը քվեարկությանը չի մասնակցել։
Ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ամենաբարձր արդյունքներն ունեցել է վարչական շրջաններից Շենգավիթում՝ 39 974 ձայն, «Ելք»-ը նույնպես այստեղ ամենաբարձր ցուցանիշն է արձանագրել՝ 9359 քվե, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ Արաբկիրում՝ 4105 ձայն։ Ըստ ընտրատեղամասերի՝ պատկերը հետևյալն է՝ «Ելք» կուսակցությունների դաշինքն ամենաշատ ձայները հավաքել է 5/6 ընտրատեղամասում՝ 272 քվե, ամենացածր ցուցանիշը 7/53 ընտրատեղամասում է՝ 10 քվե, այս նույն ընտրատեղամասում է նաև ամենացածր քվեն ստացել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 3 ձայն, կուսակցության ամենաբարձր ցուցանիշը 4/4 տեղամասում է՝ 124 ձայն, ՀՀԿ-ին ամենաշատը կողմ են քվեարկել 8/33 ընտրատեղամասում՝ 1021 ձայն, իսկ ամենաքիչը՝ 163 ձայն՝ 3/31 ընտրատեղամասում։
Երևանի ավագանու ընտրություններում անվավեր է ճանաչվել 8259 քվեաթերթիկ։ Զուգահեռներ անցկացնելով ապրիլի 2-ի ընտրությունների հետ, պետք է արձանագրենք, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ անվավեր էր ճանաչվել 6675 քվեաթերթիկ, այսինքն՝ ցուցանիշը գրեթե նույնն է, սակայն տոկոսային հարաբերակցությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող անձանց 2,3 տոկոսը փչացրել է քվեաթերթիկը, իսկ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների 0,4 տոկոսն է միայն «խզբզել» քվեաթերթիկների վրա։
Գևորգ Թոսունյան