Կատարված սոցիոլոգիական հարցումների արդյունքներում մի կարևոր հանգամանք կա, որը չեն հրապարակում․ Վիկտոր Ենգիբարյան

Հայաստանի Եվրոպական շարժման ղեկավար, «Ելք» դաշինքի կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն) գոհ է քարոզարշավի ընթացքից։ Պարոն Ենգիբարյանի խոսքերով՝ այն անցել է առանց լուրջ միջադեպերի։

Թեկնածուի հետ ամփոփել ենք քարոզարշավն՝ անդարադառնալով «Ելք»-ի ծրագրային հակակոռուպցիոն դրույթներին։

– Ինչպես անցավ քարոզարշավը, ի՞նչ ինովացիոներ են կիրառվել և արդյոք եղա՞ն լուրջ խոչընդոտներ մյուս թեկնածուների կողմից։

– Ընդհանուր առմամբ շատ ստեղծագործական մոտեցումներով էր «Ելք»-ի քարոզարշավը։ Մենք, ունենալով սահմանափական ֆինանսական ռեսուրսներ, մենք հույսը դրել ենք ստեղծագործական մտքի հնարավորությունների վրա։ Մյուս կողմից «Ելք»-ը շատ հստակ լուծումներ է առաջարկում, որոնք ընտրողների համար բավականին գրավիչ են։ Սա ընդհանուր քարոզարշավի հետ կապված, ինչ վերաբերում է մրցակցային գործընթացին, նշեմ, որ բացի փոքր խոչընդոտներից, լուրջ խնդիրներ չեն եղել։ «Փոքր» ասելով՝ նկատի ունեմ այնպիսի դեպքեր, երբ մեքենայի վրայից պաստառ են պոկել, ինչպես նաև փորձել են կոտրել իմ ֆեյսբուքյան էջը, սակայն նրանց մոտ չի ստացվել, քանի որ ես ունեմ երկշերտանի պաշտպանություն, ուստի ավարտին չեն հասցրել իրենց հանցագործությունը։

– Մեր հարցազրույցերից մեկի ժամանակ Դուք հայտնել էիք, թե ստանում եք բազմաթիվ ահազանգներ ու շատ կոնկրետ, նույնիսկ թակում են մարդու դուռն և առաջարկում վերցնել անձնագիր։ Քարոզարշավի վերջին օրը ի՞նչ իրավիճակ ունենք։

– Արդեն սկսվել է գումարների բաժանումը, նախկինում ցուցակագրումներ էին արվում, որոշ մրցակիցներ օգտվում են քաղաքացիների պակաս տեղեկատվածության մակարդակից, անձնագրի պաճեն են վերցնում, ստիպում են ստորագրել, որ ընտրելու են նրանց օգտին։ Անկեղծ ասած, միգուցե ես չափազանց լավատես եմ, բայց ամեն դեպքում վստահություն ունեմ ընտրողների հանդեպ, գիտեմ, որ վերջին պահին մարդիկ հասկանալու են՝ 10 կամ 20 հազար դրամը մեկ անգամ վերցնելու են և վաճառեն իրենց ապագան։

– Խնդրում եմ ներկայացնել ձեր հակակոռուպցիոն ծրագիրն ու համեմատել մյուս կուսակցությունների կամ դաշինքների ծրագրերի հետ։

– Մենք կոռուպցիայի դեմ պայքարը դարձրել ենք քարոզարշավի հիմնական և կարևորագույն կետերից մեկը՝ երկու պատճառով, առաջինը, որ հստակ լուծումներ ենք առաջարկում և երկրորդը, որ ցավոք սրտի որևէ կուսակցություն կամ դաշինք չտեսանք, որը իսկապես ի վիճակի էր պայքարելու կոռուպցիայի դեմ։ Մասնագետները կհաստատեն, որ կոռուպցիայի դեմ հնարավոր է պայքարել միայն այն դեպքում երբ մի կողմից դու ունես հստակ մեխանիզմներ, իսկ մյուս կողմից՝ դա իրականացնելու պոտենցիալը։ Անհեթեթ կլինի մտածել, որ այն պատգամավորներն ու կուսակցությունները, որոնք արդեն խրված են կոռուպցիոն գործընթացի մեջ, ունենալով փայլուն մտքեր, կարող են կոռուպցիայի դեմ պայքար տանել, «Ելք»-ն այս առումով միակն է, որն առաջարկում է կոռուպցիայի դեմ պայքարի հստակ մեխանիզմներ։

– Ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը։

– Սահմանադրական լիազորություններով օժտված անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում, որը կունենա պրոֆեսիոնալ աշխատակազմ և անկախ ղեկավար, որն էլ կնաշանակվի Ազգային ժողովի երկու երրորդի կողմից, սա թույլ է տալիս ենթադրել, որ ընդդիմությունն էլ պետք է այս քվեարկությանը մասնակցի ու որոշի՝ ով է նա։ Եթե պատկերացնենք, որ հիմա ունենք այդպիսի մարմին, այս նախընտրական փուլում, թե ինչ կարող էր այն անել, որը չի անում ոչ էթիկայի հանձնաժողոը, ոչ էլ իրավապահները, ապա մենք հստակ կտեսնենք, որ նման մարմին ունենալու պարագայում շատ ավելի բարձր որակի ու կոռուպցիայից զերծ ընտրություններ կարող ենք անցկացնել։ Ներկայումս այդ մարմինը չկա, հետևաբար քաղաքական կոռուպցիան գլուխ է բարձրացնում։

– Մի քանի անգամ սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել, նշվել է, որ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքն առաջատար են, ի՞նչ կասեք այդ ցուցանիշների մասին։

–   Մի կարևոր հանգամանք կա, որը չեն հրապարակում, այն է, որ ընտրողների մեծ մասը՝ 30-40 տոկոսը չի պատասխանում, թե ում օգտին է պատրաստվում քվեարկել։ Եթե հարցվողներից 20 տոկոսը քվեարկի Հանրապետականի, 23 տոկոսը՝ «Ծառուկյան» դաշինքի օգտին, «Ելք»-ին՝ 10 տոկոսը, իսկ 30 տոկոսը չի պատասխանում, ապա պարզ է, որ այդ անձիք, ոչ ՀՀԿ-ին են ձայն տալու, ոչ էլ «Ծառուկյան» դաշինքին։ Իրականում, այդ հարցերին չեն պատասխանում ընդդիմադիր կեցվածք ունեցող անձիք, կարող ենք ենթադրել՝ քանի որ «Ելք»-ն է առաջնային տեղում գտնվող ընդդիմադիր ուժը, ապա այդ 30 տոկոսի մեծ մասը հենց «Ելք»-ին է տալու իր քվեն։

– Ամսի 2-ին տեղի կունենան Ազգային ժողովի ընտրությունները, ենթադրվում է, որ այս ընտրությունները պետք է ավելի թափանցիկ լինեն։ Դուք ինչ եք կարծում հնարավոր է դա ապահովել։

– Եթե համեմատություն կատարենք թեկուզ ամենավերջին՝ 2012թ․ ընտրությունների հետ, տեխնոլոգիաները բավականին զարգացել են, ինչը հնարավորություն է տալիս շատ ավելի մոբիլ և արագ վերահսկողություն իրականացնել, նույն այդ տեսախցիկների խնդիրը, մատնահետքի ստուգումը, անձնագրերի իդենտիֆիկացիան, այս ամենը ի վերջո բերելու է նրան, որ քվեարկության բուն պրոցեսը լինելու է շատ ավելի թափանցիկ։ Մյուս կողմից, այսօր ցանակցած քաղաքացու մոտ կա նկարահանում կատարող հեռախոս, այսինքն՝ անձը, եթե տեսել է կաշառք բաժանելու դեպք, կարող է արագ նկարահանել ու տարածել։ Այս ամենը, ինչպես նաև զարգացած սոցիալական ցանցերը, կնվազեցնեն կոռուպցիոն երևույթները։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել