Վիկտոր Ենգիբարյանն առաջարկում է ստեղծել անկախ հակակոռուպցիոն մարմին՝ ՄԻՊ-ի նախադեպով

Ընդամենը 10 տարի առաջ Եվրոպայի ամենակոռումպացված պետություններից մեկը՝ Ռումինիան, այսօր բոլոր ռեյտինգային սանդղակներում մեծ առաջընթաց ունի։ Ասում է Հայաստանի Եվրոպական շարժման ղեկավար, «Ելք» դաշինքի կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը։ Նրա խոսքերով՝ մեր երկրում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար «հեծանիվ հորինել պետք չէ», այլ ընդամենը հարկավոր է իմպլեմենտացնել եվրոպական փորձը։

Պարոն Ենգիբարյանի հետ խոսել են կոռուպցիոն մի շարք դրսևորումների վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքական կոռուպցիայից։

Մանրամասները՝ հարցազրույցում։

– Հայաստանում ամեն տարի քայլեր են ձեռնարկվում պայքարել կոռուպցիայի դեմ։ Ի՞նչ փուլում ենք հիմա մենք, ըստ ձեզ՝ արդյոք զգալի առաջընթաց կա՞։

– Անցած տարի ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որն իմ կարծիքով ավելի շատ իմիտացիա էր կոռուպցիայի դեմ պայքարի։ Իմ համոզմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը պետք է անկախ լինի կառավարությունից։ Ինչո՞ւ էր այս մարմինը իմիտացիոն, պատասխանը պարզ է՝ հանրության շրջանում մեծ բողոք կար ապրիլյան պատերազմից հետո, բոլորն էլ հասկացան, որ պատերազմի կրած վնասները մեծ հաշվով նաև կոռուպցիայի հետևանք էր։ Հանրության շրջանում քննարկվում էր այն հարցը, որ սահմանային սարքերը՝ հեռադիտարկման և այլ բնույթի, ձեռք չեն բերվել, նախագահն էլ հայտարարեց, որ 1980-ականների զենքով են արդյունքներ գրանցել։ Ուստի կառավարությունը ստեղծեց հակակոռուպցիոն խորհուրդը, որում ընգրկված նախարարներից յուրաքանչյուրը միլիոնատեր է։ Ինչևէ, այս իմիտացիան ոչ մի դրական արդյունք չի տա, դրա մասին հուշում է նաև կոռուպցիայի կանխարգելման ու էթիկայի հանձնաժղովի ստեղծման մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Էթիկայի հանձնաժողովը առ այսօր կառուցողական գործառույթ չի իրականացրել, այն ինքնին աչք փակող ֆունկցիա ունի, հանձնաժողովի անդամները, ըստ նոր նախագծի, նշանակում են բարձրաստիճան պաշտոնյաների առաջարկով ու նախագահի կողմից, սա նշանակում է, որ ապագայում էլ այդ հանձնաժողովը բացի իմիտացիայից որևէ այլ բանով չի զբաղվելու, համենայն դեպս անցյալի փորձը համադրելով կարող ենք հայտարարել, որ այդ հանձնաժողովն արդեն իսկ մոլորության մեջ գցող է։

– Վերադառնանք կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին նախորդ տարվա վերջ փոփոխվեց խորհրդի կազմը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկով ընդգրկվեցին ՀԿ-ներ, իսկ կոալիցիան առանց մրցույթով անդամակցելու է խորհրդի աշխատանքներին։ Սա այն էր, ինչի մասին հասարակական կազմակերպությունները տարիներ շարունակ բարձրաձայնում էին, այս ձևաչափով որևէ դրական փոփոխություն ակնակալո՞ւմ եք։

– Շատ լավ է, որ ՀԿ-ները մասնակցում են, բայց ամբողջ խնդիրն այն է, որ բացի ՀԿ-ներից մասնակցում են նաև կառավարության անդամները, ի վերջո որոշում կայացնողները նրանք են, բնականաբար նրանց ազդեցությունը մեծ է։

– Ես ճի՞շտ հասկացա՝ Ձեր առաջարկի էությունն այն է, որ կառավարության անդամները լինեն խորհրդում, սակայն որոշում չկայացնեն, միայն համագործակցեն ՀԿ-ների հետ, որոնք էլ որոշումներ կկայացնեն ու կփոխանցեն կառավարությանը։

– Իրականում այդ խորհուրդը, որ կա, այն ընդամենը պետք է ստեղծեր անկախ հակակոռուպցիոն մարմին՝ ՄԻՊ-ի նախադեպով, որն ունի սահմանադրորեն ամրագրված լիազորություններ, ինչպես նաև իր պրոֆեսիոնալ աշխատակազմը, ղեկավարը, որին նշանակում է ԱԺ-ն։ Ներկայումս այնպես է ստացվում, որ կոռուպցիայի դեմ մենք պայքարում ենք մարդկանց միջոցով, ովքեր, որ այնտեղ ունեն ուղիղ շահերի բախում։

– Խոսենք վերևների կոռուպցիայից, դրա դեմ պայքարի համար ապօրինի հարստացման քրեականացման նախագիծն ընդունվեց, որն ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսի մեկից, դուք ինչպե՞ս եք վերաբերում այդ հանգամանքին։

– Ես շատ դրական եմ վերաբերում ապօրինի հարստացման նախագծին, սակայն ես կցանկանայի, որ այդ օրինագիծը հետադարձ ուժ ունենար։ Ինչպես գիտեք՝ ԱԺ-ում եղավ նախաձեռնություն Նիկոլ Փաշինյանի կողմից, որ 1991թ․ առ այսօր բոլոր պետական ծառայողների եկամուտները ստուգման ենթարկվեն։ Ես չեմ առաջարկում, որ Հայաստանում սկսվի որս նախկին պետական ծառայողների դեմ, սակայն մենք պետք է նախադեպ ստեղծելու համար հասկանանք, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանի անկախացումից հետո առ այսօր պետական պաշտոն զբաղեցրած անձը դարձել է մեծահարուստ։ Խայտառակ մեծ գումարների մասին է խոսքը, որոնք յուրացվել են 1991թ․-ից սկսած։ Որպեսզի ապագայում մենք կարողանանք դա կանխել, պետք է նաև անցյալը մաքրել։

– Հայաստանի եվրոպական շարժումը փորձ է անում մեր երկրում բարեփոխումներ իրականացնել՝ եվրոպական մոդելով, այս տեսանկյունից, եթե դիտարկենք կոռուպցիայի դեմ պայքարը, ապա ի՞նչն է մեզ համար առավել ուսանելի, որ լիարժեք պայքարենք կոռուպցիայի դեմ։

– Եվրոպան մեծ ճանապարհ է անցել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ես կարող եմ բերել Ռումինիայի փորձը, որն ընդամենը 10 տարի առաջ եղել է Եվրոպայի ամենակոռուպացված պետություններից մեկը, սակայն այսօր մենք տեսնում ենք, որ Ռումինիան ստեղծել է այնպիսի բիզնես միջավայր, պետական կառավարման համակարգ, որ բոլոր ռեյտինգային սանդղակներում մեծ առաջընթաց ունի։ Ներդրումային ընկերությունները Ռումինիան մատնանշում են, որպես ոչ ռիսկայի պետություն։ Եվրոպան այս ճանապարհով անցել է, հատկապես Արևելյան Եվրոպական, այդ ճանապարհը մեզ համար պետք է ուսանելի լինի, որքան էլ այն ցավոտ ու խրթին է հանրության որոշ խմբերի համար, պետք է դրա միջոց անցնենք։

– Ի՞նչ կարող են տալ այդ տեսանկյունից Հայաստանին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի շուրջ բանակցությունները:

– Հայաստանը ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների խորացման շատ լայն հնարավորություն չի ունենա, որովհետև Ռուսաստանի հետ մաքսային միության մեջ ենք, սա նշանակում է, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները ավելի շատ կուղղվեն  քաղաքական, դատաիրավական, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներին։

– Առաջիկայում խորհրդական ընտրություններ են, կրկին արդիական է դառնում ընտրական կոռուպցիան, տպավորություն է, որ այս երևույթը խորը արմատներ ունի մեր պետությունում, որովհետև ամեն ընտրությունից առաջ և հետո մենք խոսում ենք կաշառքների մասին։ Ինչպե՞ս ի վերջո ձերբազատվել այս երևույթից։

– Սա արդեն քաղաքական կոռուպցիա է, որն ամբողջ կոռուպցիոն շղթայի հիմքն է։ ԶԼՄ-ներից, տեղերում մեր ակտիվ գործըներներց տեղեկանում ենք, որ գումարներ են բաժանվում, ցուցակներ են կազմվում, անձնագրի պատճեներ են հավաքագրվում։ Եթե նայենք մարդկանց անունները, որոնք որ շոշափվում են, կտեսնենք, որ այդ մարդկանց մի մասը պետական պաշտոնյաներ են եղել։ Այդ մարդը, ով կաշառքի միջոցով դառնալու է ԱԺ պատգամավոր, այն հետագայում խնդիր կլինի հանրության համար։ ԱԺ-ն, հատկապես այս նոր Սահմանադրությամբ, մեծ ազդեցություն է ունենալու երկրի ապագայի վրա։ Սա պետք է կանխել։ Ցավալի է, որ հանրության ավելի կիրթ ու անկաշառ հատվածը թույլ է տալիս, որ երկիրը կառավարեն այն մարդիկ, որոնք նվազ կիրթ են ու հանդուրժողական կոռուպցիայի հանդեպ։

– Ձեր ընտրատարածքում, ընտրողների կողմից ահազանգնե՞ր ստանում եք կաշառքի վերաբերյալ։

– Այո, մենք ստանում ենք բազմաթիվ ահազանգներ ու շատ կոնկրետ, նույնիսկ թակում են մարդու դուռն և առաջարկում վերցնել անձնագրի պատճենը։ Նշում են գումարը, թե ինչքան են տալու քվեի դիմաց։ Շատ հստակ աշխատում են քաղաքացիների հետ, ամենը ցուցակագրվում է ու կոորդինացվում, ամեն շենք ունի իր պատասխանատուն։ Բնականաբար, նրանք գիտեն, թե ում տուն են մտնում, դրա մասին հոգում են բնակելի շենքերի լիազորները, նրանք շատ տեղյակ են, թե ով է պոտենցիալ գումար վերցնողը։ Թաղամասեր կան, որ զանգվածային պատրաստվում են գումար վերցնելուն։

– Այսինքն՝ նաև հասարակության գիտակցության խնդի՞ր ունենք։

– Այո, մարդիկ մտածում են, որ ոչինչ չի փոխվի ու որպես պատիժ գումար են վերցնում, չհասկանալով, որ դա հենց իրենց պատիժն է, որից հետո կրկնակի եռակի կստանան, բայց նրանցից նաև ստանում են ապագան, մարդիկ իրենց ապագան են ծախում։

– Փաստորեն դուք մի գործառույթ եք իրականացնում, ինչը ժամանակին անում էին հակակոռուպցիոն կենտրոնները՝ հավաքագրում տեղեկատվություն և մատչելի ձևով ներկայացնում։ Արդյունավե՞տ չի լինի վերագործարկել հակակոռուպցիոն կենտրոնները։

– Ինձ թվում է՝ այդ կենտրոններն արդյունավետ են ու պետք է վերագործարկել, հատկապես մեծ քաղաքներում գործել են ժամանակին, մարդիկ հնարավորություն ունեին իրենց խնդիրներն այդ գրասենյակներով լուծել, էլ չեմ խոսում՝ իրազեկումների ու ակցիաների մասին, որ նրանք իրականացրել են։

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել