Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «բանդայի գործով» դատական նիստը հետաձգվեց, քանի որամբաստանյալ Քյարամ Թոռնիկի Ամոյանի պաշտպան Յուրա Ավոյանը բացակայում էր:
Այս քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Արտուշ Ռուբիկի Հակոբյանին, Դավիթ Սուրենի Գալստյանին, Սամվել Հրաչի Դավթյանին, Արման Ալբերտի Դալլաքյանին, Արթուր Գրիշայի Մանուկյանին, Քյարամ Թոռնիկի Ամոյանին:
Դատական նիստերի դահլիճում ուժեղացված հսկողություն էր սահմանված, ամբաստանյալների հարազատները դատարանի մուտքի առջև մեծ աղմուկ էին բարձրացրել և հանդես էին գալիս մի շարք հայտարարություններով:
«Իմ երեխան հանցանքի կատարման ժամանակ գտնվել է Կրասնադարում, թող ճշտեն, որ այստեղ չի եղել: Երեխայիս տարել են ամբողջ մատները փշրել են, մորթել են դաժանաբար»,- Իրավաբան.net-ին ասաց ամբաստանյալ Քյարամ Թոռնիկի Ամոյանի մայրը:
Հիշեցնենք, որ Քյարամ Թոռնիկի Ամոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թվականի սեպտեմբերին անդամագրվել է անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանի և Գուրգեն Հայրապետյանի կողմից ստեղծված և ղեկավարվող, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրով, 5,45մմ տրամաչափի <<ԱԿ-74>> տեսակի <<ԱՎ 312939>> համարի ինքնաձիգով, 7,62մմ տրամաչափի <<ՏՕԶ-49>> տեսակի <<ԻՔՍ-Ն 1105>> համարի թմբուկավոր ատրճանակով, 9մմ տրամաչափի <<Մակարով>> տեսակի <<ՍԿ 3540 Պ>> համարի ատրճանակով, 7,62մմ տրամաչափի <<ՏՏ>> տեսակի <<ՕԳ 34>> համարի ատրճանակով, <<ՏՏ>> տեսակի առանց գործարանային համարի ատրճանակով, <<ԲԼՈՈւ Ց 06>> տեսակի <<7-012348>> համարի մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակով և դրանցից կրակոցներ արձակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով զինված, կայուն կազմակերպված խմբին` բանդային, ապա բանդայի կազմում մասնակցել է 2011թվականի սեպտեմբերի լեւյս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը: Բացի այդ, Քյարամ Ամոյանը մինչև բանդային անդամագրվելը, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել-կրել է <<ԲԼՈՈւ Ց 06>> տեսակի <<7-012348>> համարի մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակը և դրանից կրակոցներ արձակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտները:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 22-ին:
Աղբյուրը` Իրավաբան.net