Հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում դատավոր Լ.Աթանյանի նախագահությամբ կայացավ թիվ ՍԴ/0212/01/02 գործի հերթական դատական նիստը:
Ամբաստանյալ Տիգրան Լևոնյանին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ձեռք է բերել և պահել խոշոր չափի թմրամիջոց:
Ժամը 12:00-ին դատական նիստը հայտարարվեց բացված, որից հետո նախագահողը հայտարարեց դատարանի կազմը և կողմերին: Հայտարարվեց, որ մեղադրանքը պաշտպանում է ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Նազարպուրը, ամբաստանյալ Տիգրան Լևոնյանի պաշտպանությունն իրականացնում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Ղազարյանը:
Նախորդ դատական նիստի ընթացքում կայացված բերման որոշումն ի կատար է ածվել, ժամը 12:00-ի դրությամբ ներկա է մեկ վկա` Մանվել Լազոյի Ստեփանյանը, իսկ մյուս վկաները կներկայանան քիչ ուշացումով, քանի որ բնակվում են Սիսիան քաղաքում:
Դատարանի կողմից ներկայացվեցին վկայի իրավունքները և պարտականությունները, պարզաբանվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ և 339-րդ հոդվածները:
Վկա Մանվել Ստեփանյանը հայտնեց, որ ամբաստանյալ Տիգրան Լևոնյանին ճանաչում է որպես Սիսիան քաղաքի բնակիչ և թմրամիջոցների հայտնաբերվելու մասին տեղեկացել է Տիգրան Լևոնյանից: Մեղադրողը հետաքրքվեց, թե արդյոք Մանվել Ստեփանյանը հարցրել է ամբաստանյալին այն մասին, թե որտեղից է թմրամիջոցը հայտնվել նրա տարածքում, և արդյո՞ք նրանց խոսակցությունը տեղի է ունեցել այլ անձանց ներկայությամբ: Վկան պատասխանեց, որ չի հարցրել, թե որտեղից կարող էր թմրամիջոցը հայտնվել նրա տարածքում և խոսակցության ժամանակ նրանք մենակ են եղել:
Փաստաբան Ռ.Ղազարյանի հարցին, թե ինչ է ներկայացնում թմրանյութի հայտնաբերվելու տարածքն իրենից, վկան պատասխանեց, որ այն արտադրամաս է, որն օգտագործվում է նաև բազմամարդ տարբեր միջոցառումներ (բանակի քեֆ, սգո արարողություն) անցկացնելու վայր: Միջոցառումների ընթացքում մարդիկ օգտվում էին խոհանոցից, զուգարանից առանց որևէ արգելքի:
Նիստը շարունակվեց ընդմիջումից հետո: Ժամը 14:00-ի դրությամբ Սիսիանից ժամանել էին վկաներ Սեյրան Հասրաթյանը, Արայիկ Զիլֆուղարյանը և Արայիկ Զատիկյանը:
Մեղադրողը հարցրեց վկա Զիլֆուղարյանին, թե երբ և ումից է իմացել Տիգրան Լևոնյանի տարածքից թմրամիջոց հայտնաբերելու մասին: Վկա Զիլֆուղարյանի ցուցմունքների համաձայն` նա տեղեկացել է ամբաստանյալի որդուց խուզարկումից մոտ տաս օր հետո, իսկ երբ հանդիպել է Տիգրան Լևոնյանին, վերջինս ասել է, որ թմրանյութը խորոված պատրաստելու մանղալի մեջ է դրել, ապա հանել են ոստիկանության աշխատակիցները: Եվ եթե այն դրված լիներ մանղալի մեջ ավելի շուտ, վառված կլիներ, որովհետև մանղալը տաք էր:
Փաստաբան Ռ.Ղազարյանը ուշադրություն հրավիրեց վկայի ցուցմունքների մեջ առկա հակասություններին:
Նիստերի դահլիճ հրավիրվեց վկա Սեյրան Հասրաթյանը: Համաձայն նրա ցուցմունքների, հաճախ է հանդիպում ամբաստանյալին: Տիգրան Լևոնյանը Սեյրան Հասրաթյանին ասել է, որ չգիտի թե որտեղից է գտնվել թմրամիջոցը: Դատավորի հարցին, թե Տիգրան Լևոնյանը ծխում է, վկան պատասխանեց, որ ծխում է, բայց որևէ թմրամիջոց չի օգտագործում: Վկան հայտնեց նաև, որ ամբաստանյալին պատկանող տարածքում անց են կացվում միջոցառումներ:
Հաջորդ վկան Արայիկ Զատիկյանն էր, որը հայտարարեց, որ իր և Տիգրան Լևոնյանի միջև երբևէ որևէ առնչություն չի եղել, նրան ճանաչում է միայն որպես Սիսիան քաղաքի բնակիչ:
Դատարանի կողմից ընթերցվեց բացակայող վկա Գրիգոր Մխիթարի Թադևոյանի դիմումը, որտեղ հայտնում էր, որ նա բուժման հետ կապված խնդիրների պատճառով բացակայում է նիստից, որի մասին պատշաճ կերպով ծանուցված է, խնդրում է բացակայությունը համարել հարգելի և հաշվի առնել նախաքաննության փուլում իր կողմից տրված ցուցմունքները:
Հաշվի առնելով մեղադրողի և պաշտպանի կարծիքները և կարևորելով բացակայող վկայի մասնակցությունը` դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 23-ին, ժամը 16:30-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստվայրում:
Հանրային թղթակից` Հասմիկ Ասատրյան
Աղբյուրը` Իրավաբան.net