Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ Արմեն Խաչատրյանի շարունակվեց թիվ ՇԴ/0391/02/12 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ըստ հայցի ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչության` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմաս առանձնացնելու, այդ բաժնային չափի վրա բռնագանձում տարածելու և հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու պահանջի մասին:
Սույն քաղաքացիական գործով դատական նիստին ներկա էր գործով հայցվոր ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչության ներկայացուցիչը: Իսկ նույն գործով որպես պատասխանող ներգրավված Գևորգ Գալոյանը չէր ներկայացել դատական նիստին, սակայն պատշաճ ծանուցված էր նիստի տեղի և ժամի մասին: Դատական նիստին չէր ներկայացել նաև նույն գործով` որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող 3-րդ անձ Վարդուշ Գալոյանը:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի դրույթներով, նախնական դատական նիստը շարունակեց առանց պատասխանողի և 3-րդ անձի ներկայությամբ:
Դատարանը համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի` սույն գործով հրապարակեց որոշում` շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու մասին, քանի որ անհրաժեշտ է մասնագիտական եզրակացություն` արդյո˚ք հնարավոր է ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող տվյալ անշարժ գույքից պատասխանող Գևորգ Գալոյանի մասնեբաժինն առանձնացնել և ինչ եղանակով:
Արդյունքում դատարանը, ղեկավարվելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, սույն գործի վարույթը կասեցրեց:
Գործով վարույթը վերսկսելու դեպքում կողմերը պատշաճ կծանուցվեն դատական նիստի տեղի և ժամի մասին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան. net