Այսօր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծը, հեղինակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է։
Նախագծի հակիրճ բնութագրում նշվում է, որ իրավական ակտի նպատակն է իրականացնել բժշկասոցիալական փորձաքննության համակարգի արմատական բարեփոխումներ՝ մասնավորապես ապահովել համակարգի գործունեության թափանցիկությունը, տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները, հնարավորինս նվազեցնել հաշմանդամության գնահատման հայեցողական մոտեցումը, մշակել հաշմանդամության սահմանման հստակ և հիմնավորված չափորոշիչներ՝ սահմանագծելով «հիվանդ լինելը» և «հաշմանդամությունը»։
Միաժամանակ, նախատեսվում է 2017թ. իրականացնել անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի փորձնական կիրառում առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության դիմած անձանց համար։
Նախագծում շոշափվում է 12-30 տարեկան անձանց, անկախ հաշմանդամությունից, լսողական սարքերով ապահովելու խնդիրը, որի լուծման համար փաթեթում առկա է կառավարության որոշման նախագիծ։
Ըստ հիմնավորումների ակնկալվում է հասնել հետևյալ արդյունքների՝
1. Հաշմանդամության գնահատման հիմքում ընկած կլինեն հստակ և օբյեկտիվ չափորոշիչներ, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը:
2. Անձի բազմակողմանի գնահատման արդյունքում, նրա անհատական կարողություններին և կարիքներին համարժեք, կտրամադրվեն համապատասխան սոցիալական ծառայություններ` նրա մասնակցությունը և սոցիալական ներառումն ապահովելու համար:
3. Հաշմանդամության գնահատման գործընթացում բացի բժիշկ-փորձագետներից կներգրավվեն նաև այլ մասնագետներ` սոցիալական աշխատողներ, հոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի մասնագետներ, որոնք անձի կամ երեխայի խնդիրներն ու կարիքները կգնահատեն առավել մասնագիտորեն:
4. Կբարելավվի գերատեսչությունների փոխհամաձայնեցված գործունեությունը, ինչը հնարավորություն կտա շարունակական գործողությունների իրականացման միջոցով բարձրացնել մատուցվող ծառայությունների ծախսարդյունավետությունը, ինչպես նաև կրճատել անձի կողմից՝ անհրաժեշտ փաստաթղթեր և ծառայություններ ստանալու համար տարբեր մարմիններ ներկայանալու անհրաժեշտությունը:
5. Նոր մոդելի ներդրման արդյունքում տնտեսվող միջոցները /հաշվարկը ներկայացված է կից տեղեկանքում/ կուղղվեն սոցիալական ծառայությունների զարգացմանը։
Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ։