Քննչական կոմիտեն կասեցրել է Երևանում ավտոբուսի պայթունի քրեական գործի վարույթը

2016թ. ապրիլ ամսին գրանցված պայթունը ցնցեց հանրությունը: Ապրիլի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի Հալաբյան փողոցում պայթուն տեղի ունեցավ 63-րդ ուղևորատար երթուղին իրականացնող «Բոգդան» մակնիշի ավտոբուսում:

Պայթունի առաջին ժամերին քաղաքացիների արձագանքներն ու գնահատականները տարբեր էին, մեկը մյուսից սարսափեցնող:

Ահաբեկչական ակտ է. առաջին վարկածն էր: Երթուղայինը պայթեց տեխնիկական խնդիրների արդյունքում՝ երկրորդ վարկածն էլ եղավ: Այս ցանկը դեռ կարելի է երկար շարունակել, սակայն հաջորդ օրերին, որոշ հանգամանքներ արդեն հստակություն մտցրին կատարվածում:

Դեպքի առթիբ ՀՀ քննչական կոմիտեում ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվեց քրեական գործք Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Քննչական կոմիտեն պարզեց, որ պայթունի օջախը գտնվել է թիվ 63 ավտոբուսի սրահի աջակողմյան հատվածում: Երթուղայինում 10 անձ է եղել, պայթունի հետևանքով նրանցից զոհվել է Արմեն Հովհաննիսյանը, ում դիակը հայտնաբերել էին երթուղայինի դիմացի դռան մոտ, իսկ երկրորդ անձի մարմինը պայթունի ուժգնությունից մասնատվել էր՝ անճանաչելի դառնալու աստիճան:

Ավտոբուսում նախ հայտնաբերել էին բջջային հեռախոսաքարտ, որը պատկանում էր 1961թ.-ի ծնված Ռուբեն Բալյանին, ով Կլարա Ոսկանյանի որդին է հանդիսանում:

Այնուհետև անհայտ դիակի մնացորդներից՝ աորտայի արյան և անդամահատված ոտքից վերցված եղնգային կտրվածքներից ԴՆԹ փորփարկում են արել ու պարզել, որ Կլարա Ոսկանյանի և անհայտ դիակի միջև բոլոր հետազոտություններով հայտնաբերվածները համընկնում են: ՀՀ քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ Կլարա Ոսկանյանի մայրության ցուցիչն անհայտ դիակի նկատմամբ կազմում է 1369.98, իսկ մայրության հավանականությունը 99.92%: Այսպիսով քննիչները պարզել են, որ երկրորդ անձը Ռուբեն Բալյանն է՝ Ոսկանյանի որդին:

Պարզվել է, որ Ռուբեն Բալյանն իր ուսապարկում ունեցել է ինքնաշեն պայթուցիկ, 2016թ. ապրիլի 25-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Ռուբեն Բալյանի մոտ առկա տրոտիլ նյութի պատրաստված ինքնաշեն սարքավորումը պայթել է ավտոբուսում:

Քննչական կոմիտեից նաև հավելում են, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել շուրջ 50 անձինք, կատարվել են առգրավումներ և զննություններ, խուզարկություններ են իրականացվել 13 հասցեներում, այդ թվում՝ Ռուբեն Բալյանի բնակության Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1-ին զանգվածի 16-րդ թաղամասի 6-րդ այգետնակում:

Հաջորդիվ քննիչներն այս այգետնակից հայտնաբերել և առգրավվել են մեծ քաննակությամբ պայթունավտանգ նյութեր:

Ո՞վ էր Ռուբեն Բալյանը

Ռուբեն Բալյան վերջին տարիներին ապրում էր Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցում, նա սովորել է Գիտությունների ազգային ակադեմիայում, տիրապետել ռադիոֆիզիկայի մասնագիտությանը: Ռուբեն Բալյանը երկու անգամ դատապարտվել է ազատազրկման, առաջին անգամ 26 տարեկան հասակում։

Բալյանը գործազուրկ էր, սակայն հարազատների ու ընկերների միջոցով կարողանում էր գոյատևել: Մեզ հետ զրույցում ասացին Ձորաղբյուրի նրա հարևանները: Բնակիչները նաև փոխանցեցին, որ այս տղամարդն առանձնացել է բացասական վարքագծով, մշտապես կոնֆլիկների մեջ է եղել ինչպես համայնքային ներկայացուցիչների, այնպես էլ որոշ բնակիչների հետ. «Բայց քանի որ նա կապեր ուներ գողական աշխարհի ներկայացուցիչների հետ, ոստիկանները նրան շատ չէին կպնում»,- նշեց Ձորաղբյուրի բնակիչներից մեկն, ով չցանկացավ ներկայանալ:

Ոստիկանությունից մեզ պաշտոնապես տեղեկացրին, որ Բալյանն իրենց ուշադրության կենտրոնում է հայտնվել 2016թ.-ին, երբ մայիսի սկզբներից մինչև մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում նա վերոնշյալ ամառանոցն իր անվամբ չանվանափոխելու պատճառով, իր մոտ եղած բանալիով բացելով մուտքի դուռը, մուտք է գործել ներս և դիտավորությամբ վնասել գույքն ու կոտրել պատուհաների ապակիները, նախապատրաստվող նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է՝ բողոքի բացակայության հիմքով:

Այլ կասկածներով Բալյանը ոստիկանների ուշադրության կենտրոնում չի հայտնվել, այն պարագայում, երբ նրա առանձնատանը եղել են մեծ քանակությամբ պայթուցիկներ, փաստացի չի գործել նաև ոստիկանությունը չի կարողացել կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։

Որտեղի՞ց Բալյանին խոշոր չափի պայթունավտանգ նյութեր

Ձորաղբյուրի ամառանոցում գտնվող Բալյանի տանից հայտնաբերել և առգրավվել է հետևյալ զինամթերքը՝ դեղնաշականակագույն ուղղանկյունաձև նյութ՝ փաթաթված կպչուն ժապավենով, 3 հատ դետոնատոր, 1 հատ՝ սպիտակ քուղ (фитиль), 1 հատ՝ ապակյա տարա՝ վառոդանման զանգվածով, 1 հատ՝ պլաստմասե ռարա՝ սպիտակավուն զանգվածով, 1 հատ՝ 400 գրամանոց տրոտիլային պայտաղյուս, 3 հատ «Ширас-М» տեսակի պայթագլան, 2 հատ՝ «Им-120М» տեսակի պայթագլան, 1 հատ՝ «7C2M» գրառումով գլանաձև առարկա, 4 հատ՝ «МУВ-4» տեսակի պայթուցիչների հարվածային մեխանիզմ, 6 հատ «МУВ-2» տեսակի պայթուցիչների հարվածային մեխանիզմ, 8 հատ դետոնատոր, 6 հատ սպիտակ քուղ (фитиль), 1 հատ՝ 12 տրամաչափի փամփուշտ, 1 հատ՝ 12 տրամաչափի որսորդական ապամոնտաժված փամփուշտ, 14 հատ՝ 7,62մմ տրամաչափի փամփուշտ, 4 հատ՝ 7,62մմ տրամաչափի ապամոնտաժված փամփուշտ և 35.5 սմ երկարության մետաղյա խողովակ՝ երկու կողմերը հեղյուսներով փակված:

Այս զինամթերքի շարքից պակասել էր մեկը, որի գործարկումից էլ ավտոբուսը պայթել է:

Քննչական կոմիտեն 2016թ. դեկտեմբերի 29-ին որոշում է կայացրել կարճել քրեական գործը վարույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով՝ Ռուբեն Բալյանի մահվան հիմքով:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վստահ է, որ քրեական գործը չպետք է կարճվեր․ «Հարկավոր էր համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել, իսկ քրեական գործը պետք է կարճվեր մինչև պատվիրատուին, օժանդակողներին կամ այլ անձանց հայտնաբերելը։ Սա է քրեական օրենսգրքով պահանջը»․- փոխանցեց փաստաբանը։

Միաժամանակ նախաքննության ընթացքում հարուցվել էր այլ քրեական գործ՝ անհայտ անձի կողմից ապօրինի կերպով Ռուբեն Բալյանին ռազմամթերք իրացնելու դեպքի առթիվ: Այստեղ իրավապահները կանգ են առել և այդպես էլ ի վիճակի չեն եղել քրեական գործը հասցնել իր տրամաբանական ավարտին. 2016թ. դեկտեմբերի 31-ին որոշում է կայացվել այս վարույթն էլ կասեցնել, քանի որ Քննչական կոմիտեն չի կարողացել պարզել այդ անձի ինքնությունը:

Փաստաբան Նիկոլայ  Բաղադասարյանի համոզմամբ՝ նման դեպքերում պետք է պատասխանատվության ենթարկվեն նաև ոստիկանության ներկայացուցիչները․ «Հայաստանում նման քանակությամբ զենք-զինամթերք հայտնաբերվել է ոչ թե ոստիկանության միջոցով, այլ պատահականության սկզբունքով, ոստիկանները չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նման տեսակի հանցագործությունները բացահայտելու համար»,- ընդգծեց նա։

Մեկ այլ փաստաբան Նորայր Նորիկյանը նշում է, որ վարույթն իրականացնող մարմինը ցանկացած ժամանակ կարող է վերցնել վարույթը և շարունակել այն, ինչ վերաբերում է Բալյանի բնակարանում հայտնաբերված պայթուցիկ նյութերին, ապա ըստ մեր զրուցակցի՝ նախաքննական մարմինը պետք է պարզի, թե ինչ վտանգավորություն են իրենցից ներկայացնում և ինչպես են ձեռք բերվել դրանք․ «Տվյալ դեպքում, վարույթն իրականացնող մարմինը ապօրինի գործողություն չի իրականացրել։ Գործի վարույթի կասեցումը չի դադարեցնում օպերատիվ հետախուզական գործողությունների աշխատանքը, հակառակը նրանք պարտավոր են բացահայտել հանցագործությունը»,- ամփոփեց պարոն Նորիկյանը։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել