Չեմ տեսել մեկ այլ կառույց, որի ֆինանսական թափանցիկությունը առավել կլիներ քան ՓՊ-ն. Տիգրան Խուրշուդյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 39 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Ներկայացնում ենք ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Տիգրան  Խուրշուդյանի հարցազրույցը.

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել: 

-Ծրագիր որպես այդպիսին չունեմ, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ծրագիր չունենալը կարող է մեկնաբանվել որպես անգործության կամ որպես ապագա Խորհրդի աշխատանքների նկատմամբ անտարբերության դրսևորում: Նախ կցանկանաի, որ առաջիկա ընտրությունների արդյունքում ձևավորվի ՀՀ-ում գործող փաստաբանների մեծամասնության մոտ հեղինակություն վայելող Խորհրդի կազմ: Դա շատ կարևոր է:

Երկրորդը՝ կցանկանաի, որպեսզի Խորհուրդը նպաստի առկա խնդիրների և տարաձայնությունների շուտափույթ լուծմանը, որպեսզի մեկընդմիիշտ վերանան բոլոր տեսակի, մեղմ ասած, ոչ հաճելի խոսակցությունները, որոնք որոշակի տարաձայնություններ են աջաջացնում հենց մեր համայնքի ներսում: Ով ինչ խնդիրներ տեսնում է, ով ինչ խնդիրների մասին այս կամ այն անկյունում, կամ հարթակներում խոսում է՝ թող գործնականում ապացուցի, որ այդ խնդիրներն առկա են և դա վերաբերում է բոլոր փաստաբաններին, իսկ եթե ոչ, ապա թող առնվազն քաջություն ունենան, ներողություն խնդրեն ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար:

Եվ երրորդ, ինձ համար ոչ պակաս կարևոր խնդիր, որը պահանջում է արագ լուծումներ: Անհրաժեշտ է հնարավոր բոլոր խողովակներն օգտագործել առկա օրենսդրական բացերի կամ դրանց ոչ հստակ լինելու մասով համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկները քննարկելու և այդ փաթեթներն Ազգային ժողովում քննարկման առարկա դարձնելու համար փաստաբանական գործառույթներն առավել հասկանալի և մատչելի պարզ դարձնելու նպատակով:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված: 

-Նախ ասեմ որ Փաստաբանների պալատում տեղ գտած ֆինանսական չարաշահումների հարցերով իրավասու են զբաղվել համապատասխան իրավասու պետական մարմինները: Անմեղության կանխավարկածի սկզբունքից ելնելով կասեմ, որ ժամանակն ամեն բան կդնի իր տեղը:

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Շուրջ երկու տարի է ինչ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ եմ և այս ընթացքում, ինչպես հաջորդ տարվա բյուջեն, այդպես էլ հետագայում դրա ինչպես կատարված լինելն անցել է գործող Խորհրդի խողովակով: Ինչպես բյուջեի հաստատարման այնպես էլ հետագայում դրա շրջանակներում կատարված ծախսերի վերաբերյալ Փաստաբանների պալատի ղեկավարությունը Պալատի խորհրդին ներկայացնում է համապատասխան հաշվետվություններ, որոնք բոլորին հասանելի են:

Այդ քննարկումների ընթացքում Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ապագա ծախսերի կամ արդեն իսկ կատարվածների վերաբերյալ հարցեր տալ, անել համապատասխան դիտողություններ կամ առաջարկներ: Ես Հայաստանում չեմ տեսել մեկ այլ կառույց, որի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը առավել կլիներ քան Փաստաբանների պալատինը:  Մարդիկ կան, որոնք փորձում են սոցիալական ցանցերը կամ որոշ լրատվական միջոցներում իրենց ունեցած ազգակցական ընկերական կապերն օգտագործել, իրենց մի կողմից հասկանալի, մյուս կողմից անհասկանալի նպատակների համար և այդ ընթացքում տարածում են այնպիսի լուրեր կամ կասկածի տակ են դնում այնպիսի հանգամանքներ որոնք հետագայում այդպես էլ մնում են դատարկ խոսքի մակարդակի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել