Այժմ փաստաբանները պետք է ցույց տան իրենց միասնությունը. Արծրուն Բադալյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղերի համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Մեր հարցերին պատասխանել է իր թեկնածությունն առաջադրած փաստաբան Արծրուն Բադալյանը:

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել: 

-ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կազմի և մոտեցումների կարևորությունը մենք զգացինք անցած տարիների ընթացքում: Եղան բազմաթիվ կարգապահական վարույթներ, որոնք ստացան խիստ վիճելի գնահատականներ, դրանք նմանվեցին դատավարությունների, որոշները բողոքարկվեցին դատական կարգով և այլն: Այս պարագայում մեզ անհրաժեշտ է անաչառ խորհուրդ, ով կհենվի բացառապես օբյեկտիվ իրականության վրա, հաշվի կառնի բոլոր փաստական հանգամանքները, այլ ոչ թե կշարժվի սուբյեկտիվ դիտողություններով և կարգադրություններով: Ներկայիս կարգապահական վարույթները կրում են խիստ սուբյեկտիվ բնույթներ:

Միայն անկախ և անկաշկանդ խորհրդի կազմով հնարավոր կլինի հասնել արդարության, որն էլ հիմք կլինի դատարաններից անկախություն և արդարություն պահանջելու համար: Պետք է համայնքի ներսում լինել ազնիվ, անկախ և անկաշկանդ, որպեսզի արտաքին աշխարհից նույնը պահանջենք:

Ես, ինքս ժամանակին աշխատել եմ դատական համակարգում` հիանալով ավագ գործընկերներիս պայքարով և արդարացի պահանջներով, գիտեմ նաև, որ դատական համակարգն ուշադիր հետևում է ՀՀ փաստաբանների պալատի կյանքին և զարգացումներին, քանի որ միայն փաստաբաններն են մշտապես կանգնած հասարակության կողմից, միայն փաստաբաններն են ի զորու կանգնեցնել պետական անարդարություննները և չարաշահումները, միայն փաստաբաններն են բարձրաձայնում միջազգային դատական ատյաններում և ուշադրություւն գրավում, որոնց մեծ հաշվով օգնում են իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները: Կարծում եմ փաստաբանի դերը և վստահությունը մեր հասարակության մեջ պետք է մեծ լինի, ինչի պետք է նպաստի փաստաբանի ազնիվ և անբասիր աշխատանքը: Այժմ, փաստաբանները պետք է ցույց տան իրենց միասնությունը, այլ ոչ թե բաժանվեն թիմերի և պայքարեն միմյանց դեմ, ինչով մեծ հաշվով չենք շահելու ոչ մեկս:

Մյուս, հիմնական և առաջնային ուղղությունն ինձ համար օրենքների, ներքին իրավական ակտերի, այդ թվում` Կանոնադրության և Փաստաբանի վարքագծի կանոնագրքի, համապատասխան փոփոխություններ մշակելը, հնարավոր բարեփոխումներ նախաձեռնելն է և դրանք շրջանառության մեջ դնելն է:

Բացի այդ, կարիք կա աշխատանքներ տանելու Պալատի ներսում և դրանից դուրս չարաշահումների, կոռուպցիոն ռիսկերի նվազման մասով: Անհրաժեշտ է առաջին հերթին կատարյալ և անբասիր աշխատանքային կանոններ սահմաննել, որպեսզի փաստաբանները աշխատեն մաքուր, կատարեն իրենց աշխատանքը և միջնորդ չդառնան:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված: 

-Կարծում եմ, որ Պալատի հաշվապահական հաշվառումները և աուդիտորական ստուգումները պետք է կատարվեն անկախ ընկերությունների և անհատների կողմից, ինչի արդյունքում կբացառվի չարաշահումները:

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Չեմ ցանկանա վիրավորել որևէ մեկին, բայց անհնար է Պալատում չարաշահումներ և ֆինանսական ատկատներ չլինեն՝ եթե վերահսկողությունը հենց պալատի նախագահի և հաշվապահի ուսերին է դրված: Դրա միակ լուծումը, գտնում եմ, անկախ մարմնի վստահելն է, միայն անկախ հաշվապահը կամ աուդիտորը կարող են վերահսկել Պալատի նախագահին և Պալատի ֆինանսական շարժը: Ներկայիս հայտնի չարաշահումների գործը կբացահայտվի, իսկ մեղավորները կպատժվեն: Պալատի ներսում միևնույնն է կվերականգնվի արդարություն:

Ամփոփելով վերը շարադրածս՝ կցանականայի մաղթեի բոլոր փաստաբաններիս, որ միասին մասնակցենք մեր ընդհանուր ժողովին, կատարենք մեր ընտրությունը, ընտրենք այն անձանց, այն փաստաբաններին, ումից էլ հետագայում կպահանջենք մեր իրավունքների պաշտպանությունը: Եկեք լինենք միասնական:

Անկախ քվեարկության արդյունքներից շնորհակալ եմ բոլոր կոլեգաներից, ինձ վստահող գործընկերներիս և ինձ սատար կանգնած ընկերներիս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել