Փաստաբանների պալատի աշխատանքի թափանցիկության ապահովումը իմ կողմից նշված հիմնական ուղղություններից մեկն է. Հովհաննես Չամսարյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ  Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Ներկայացնում ենք ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Հովհաննես Չամսարյանի հետ հարցազրույցը.

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:

– Ծրագրի վերաբերյալ տասը փաստաբաններով հանդես ենք եկել հայտարարությամբ, որում մանրամասն նշել ենք հիմնական խնդիրները և դրանց լուծման մեր տեսլականները: Երեք հիմնական խնդիրները, որոնք կցանկանայի առանձնացնել հետևյալներն են՝

1. Փաստաբանների պալատի ղեկավար մարմինների միջև զսպումների և հակակշիռների ստեղծում,

2. Փաստաբանների պալատի աշխատանքի թափանցիկության ապահովում,

3. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվող խիստ վտանգավոր կարգավորումները կանխելու ուղղությամբ աշխատանքների կատարում:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:

-Փաստաբանների պալատում վերջին ամիսներին աղմուկ բարձրացրած ֆինանսական չարաշահումների վերաբերյալ, որքան գիտեմ, հարուցված է քրեական գործ: Իրավապահ մարմիններին դիմելու նախաձեռնությունը եղել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանինը: Կարծում եմ, որ քրեական գործի շրջանակներում օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության իրականացնելու պարագայում կպարզվի իրականությունը:

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Ֆինանսական միջոցները արդյունավետ ծախսելու վերաբերյալ գնահատականներ տալու համար նախ պետք է, որ Փաստաբանների պալատի աշխատանքները լինեն թափանցիկ: Այսինքն՝ պետք է տեսանելի լինեն պալատի ֆինանսական ծախսերի, պալատի հաստիքացուցակների մասին տեղեկությունները, որպեսզի փաստաբանը հնարավորություն ունենա գնահատել՝ արդյո՞ք իր կողմից վճարված անդամավճարները ծախսվում են արդյունավետ, թե՝ ոչ: Ինչպես արդեն նկատեցիք, Փաստաբանների պալատի աշխատանքի թափանցիկության ապահովումը իմ կողմից նշված այն երեք հիմնական ուղղություններից մեկն է:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել