67-ամյա բժիշկ Նշան Գևորգյանը երկու անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել՝ հիվանդների մահվան հետևանքով: Այս մարդու անունը հատկապես վերջին օրերին մամուլում շատ է երևում՝ հունվարի 28-ին նորածնի մահվան դեպքի հետ կապված: Երեխայի հարազատները դժբախտ դեպքի հետ կապված մեղադրում են հենց նրան:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք մինչ այս պատահած դժբախտ դեպքերին: Առաջին գործի նյութերից տեղեկանում ենք, որ Նշան Գևորգյանը «Արմավիր» ԲԿ-ում տնօրենի պաշտոն է ստանձնել 2007 թվականին:
Առաջին անգամ 2013 թվականի դեկտեմբերի 23-ին նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Սակայն համաներում է կիրառվել և նա ազատվել է պատիժի կրումից: Այս գործով հաստատված է համարվել նրա մեղավորությունը երկու անձի մահվան դրվագով.
- 2010թ. դեկտեմբերի 5-ի գիշերը «Արմավիր» ԲԿ է տեղափոխվել Այգեվան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանի դին: Պարզվել է, որ Վռամ Խլղաթյանը տանն իրեն վատ է զգացել: Հարազատները զանգահարել են «Արմավիր ԲԿ» ՓԲԸ շտապ և անհետաձգելի օգնության ծառայություն: Կայանի աշխատակիցները ցուցաբերելով անգործություն, խուսափել են իրենց վրա դրված պարտականությունները կատարելուց, առանց հարգելի պատճառի հիվանդի կանչով նրան չեն այցելել՝ պատճառաբանելով, որ բենզին չունեն (գործի նյութերի համաձայն՝ բենզինի խնդիր չի եղել):
Արդյունքում Վռամ Խլղաթյանի հարազատները նրան փորձել են հիվանդանոց տեղափոխել սեփական տրանսպորտային միջոցով, սակայն հիվանդը ճանապարհին մահացել է: - 2010թ. հուլիսի 17-ին, ժամը 17:05-ին «ճակատային և քունքային շրջանների թարախակալվող հեմատոմաներ, գանգուղեղային տրավմայից հետո վիճակ» ախտորոշմամբ «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ է ընդունվել Արմավիրի մարզի Հացիկ գյուղի մանկահասակ՝ 1,4 տարեկան բնակիչ Հովհաննես Հովհաննիսյանը, որը ժամը 21-ի սահմաններում Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր ԲԿ» ՓԲԸ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Համաձայն դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության՝ Հովհաննես Հովհաննիսյանին բուժօգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականություններն ոչ պատշաճ են կատարվել, ինչի հետևանքով հիվանդը մահացել է:
Նշան Գևորգյանի հանդեպ երկրորդ դատավճիռը եղել է 2015 թվականի օգոստոսի 17-ին: Համաձայն մեղադրանքի՝ նա աշխատել է «Զարիշատ /Արամ/ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ: 2014 թվականի փետրվարի 25-ին մանկաբարձական անվճար բժշկական սպասարկման ծրագրով իրականացվող կեսարյան հատում վիրահատություն կատարելու համար հղի կնոջ սկեսուր Բավական Սիմոնյանից որպես կաշառք պահանջել է գումար: Սկեսուրը մերժել է կաշառք տալ, իսկ նա էլ հրաժարվել է հղի կնոջը բուժօգնություն ցուցաբերել:
Այս արարքի համար դատարանը նրան դատապարտել է 1,5 տարվա ազատազարկման: Սակայն կիրառել է նաև Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և ազտազրկման ձևով պատիժը փոխարինվել է 2 տարվա փորձաշրջանով: