Առաջարկ եղավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի թիրախային ոլորտ ընտրել նաև սոցիալական ձեռնարկատիրության ոլորտը

Այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը և միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը հանդիպում ունեցան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկության միջոցով» ծրագրի ներկայացուցիչների հետ:

Հայաստանում այս ծրագիրն իրականացնում է «Միջմշակույթային ուսումնասիրությունների ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնը»՝ կոնսորցիումի միջոցով, ղեկավար կազմակերպությունը Ավստրիայից է, կոնսորցիումի մյուս անդամներն են Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան, «Կազա» շվեյցարական հիմնադրամը, ինչպես նաև Առևտրի արդյունաբերության պալատը:

Այսօր հանդիպմանը ներկա էին ծրագրի ղեկավար և Միջմշակույթային ուսումնասիրությունների ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնի փոխնախագահ Արեգ Թադևոսյանը, ծրագրի փորձագետ, կրթական բլոկի կորդինատոր Կարեն Սարգսյանը և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադևյանը:

Կարեն Զադոյանը սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի դերակատարներին ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը՝ հայտնելով, որ այն ունենալու է 9 թիրախային ոլորտ, դրանցից 3-ն արդեն ընտրվել են: Նա նաև հաղորդեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդհանուր առմամբ 870 հազար եվրոյի չափով դրամաշնորհներ տրամադրել քաղաքացիական հասարակությանը:

«Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկության միջոցով» ծրագրի ներկայացուցիչները խոսեցին ոլորտից՝ հայտնելով, որ սոցիալական ձեռնարկատիրությունը բիզնես գործունեություն է, որի հիմքում դրված է սոցիալական խնդրի լուծումը: Նշվեց նաև, որ սոցիալական ձեռնարկությունները շահույթ են հետապնդում, բայց ի տարբերություն մյուս կազմակերպությունների և ընկերությունների, նրանք այնպիսի գործունեություն են իրականացնում, որ այդ շահույթի 50 տոկոսից ավելին տրամադրվի համայնքային սոցիալական խնդիրների լուծմանը:

«Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկության միջոցով» ծրագրի ներգրավվել են 27 կազմակերպություններ՝ 7 մարզերից. «Ներկայումս ֆինանսավորման փուլում ենք, ամեն մի կազմակերպությանը տրամադրելու ենք 7 հազար եվրոյի հասնող գումար, նախատեսվում է 70 հազար եվրո դրամաշնորհներ տրամադրել: Ծրագրի ընդհանուր բյուջեն 300 հազար եվրո է»,- հայտնեց ծրագրի ղեկավար Արեգ Թադևոսյանը:

Վերջում ծրագրի անդամները առաջարկեցին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հենց թիրախային ոլորտ ընտրել սոցիալական ձեռնարկատիրությունը, հակառակ դեպքում այն դիտարկել, որպես ածանցյալ նպատակ տարածքային կառավարման և ՏԻՄ-երի զարգացման ոլորտում:

Նշենք, որ  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն կյանքի է կոչվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների  «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:

Տեղեկացնենք նաև, որ այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչները հանդիպեցին նաև Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի հետ, քննարկվեցին առողջապահության ոլորտի խնդիրները:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Կարդացեք նաև՝

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել