Այսօր կառավարության ծրագրի քննարկմանը նվիրված ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը անդրադառնալով խորհրդարանում բարձրացված խնդրիրներին՝ ընդունեց, որ իսկապես առկա են խնդիրներ համակարգում և դրանց լուծմանն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկվել են կառավարության ծրագրով:
Նախարարը նշեց, որ բացահայտում արած չի լինի, եթե ասի, որ ոչ միշտ չէ «արդարադատություն» բառը դրական ակնկալիքներ առաջացնում քաղաքացիների մոտ: Եվ կա իսկապես դատավորների ներքին անկախության խնդիր. քիչ չեն դեպքերը, երբ ստորադաս ատյանների դատավորները դատական ակտեր են կազմում վերադաս ատյանների ցուցումով:
Խնդիրներ կան նաև դատաքննությունները ողջամիշտ ժամկետում ավարտելու համար: Սրա պատճառը դատավորների պակասն է, և ընդհանրապես ռեսուրսների սակավությունը: Այսօր, պետությունը չունի բավարար ռեսուսրներ դատավորների նոր հաստիքներ ստեղծելու և գերբեռնվածությունը թեթևացնելու համար:
Նախարարը խոսեց նաև ԴԱՀԿ և քրեակատարողական ոլորտի խնդիրների մասին, և նշեց, որ այս ուղղությամբ համապատասխան քայլեր են կատարվում:
Անդրադառնալով հակակոռուպցիոն պայքարին, Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Ունեմ համոզմունք. այս դեպքում է պետք է ոչ թե շատ խոսել, այլ գործել: Ի՞նչ ենք մենք առաջարկում: Առաջարկում ենք համալիր քայլեր և միջոցառումներ: առաջարկում ենք ապօրինի հարստացման քրեականացում: Ի դեպ, ՀՀ-ն ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիան վավերացրել է և այդ կոնվենցիայի դրույթներին համահունչ ներկայացվելու է Քրեական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ՝ ապօրինի հարստացման վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կառավարության ծրագրին ծանոթացնելուց հետո այսպիսի առաջարկ էր ներկայացրել. «Կառավարության առջև կանգնած ամենահրատապ խնդիրը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարի ոչ թե ձևական, այլ հիրավի արդյունավետ մեխանիզմների կիրառումը, ինչի համար անհրաժեշտ է …անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաեւ հետադարձ ուժով»:
Այսպիսով, Արփինե Հովհաննիսյանը կարծես պատասխանեց հենց Լ. Տեր-Պետրոսյանին՝ ասելով, որ ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացվել է ՀՀ-ի կողմից:
Իրավաբան.net