Տղամարդը դատի է տվել Samsung ընկերությանը այն բանից հետո, երբ իր Samsung Galaxy S7 հեռախոսը գրպանում պայթել է

Ինչպես գրում է The Sidney Morning Herald լրատվականը՝ ԱՄՆ Քալիֆորնի նահանգի բնակիչ Դանիել Ռամիրեսը դատական հայց է ներկայացրել Նյու Ջերսի նահանգի դաշնային դատարան՝ ընդդեմ Samsung ընկերության՝ պնդելով, որ Galaxy S7-ը նույնպես մարտկոցի հետ կապված խնդիրներ ունի: Ինչպես ասված է Ռամիրեսի կողմից ներկայացված 19 էջանոց դատական հայցի մեջ՝ նա հեռախոսի պայթյունի ժամանակ աշխատելիս է եղել շինարարական ընկերությունում, երբ հանկարծակի սուլոցներ է լսել իր գրպանից և տեսել, թե ինչպես է գրպանը սկսել շարժվել, այնուհետև այնտեղից թանձր ծուխ է դուրս եկել: Ռամիրեսի պնդմամբ՝ նա երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել աջ ոտքի վերին շրջանում, ինչպես նաև աջ բթամատի և միջնամատի շրջանում, ուստի հայցով պահանջվում է 20 հազար դոլար փոխհատուցում:

Ռամիրեսի իրավապաշտպանի խոսքով դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել հեռախոսի պայթյունի պատճառը, սակայն ամենայան հավանականությամբ այն կապված է մարտկոցի հետ, որը լուրջ խնդիր է դարձել Galaxy Note7 հեռախոսների համար: Սակայն Samsung ընկերության խոսնակի էլեկտրոնային հաղորդագրության մեջ նշվում է, որ այն պնդումները, ըստ որոնց մարտկոցի հետ լուրջ խնդիրներ ունեն ոչ միայն Galaxy Note7 հեռախոսները, չի համապատասխանում իրականությանը: Չնայած այն բանին, որ Samsung-ը ընդունել է, որ եղել են հեռախոսի այլ մոդելների հետ կապված գերտաքացման դեպքեր, ընկերությունը պնդում է, որ դրանք պայմանավորված են եղել արտաքին հանգամանքներով և ոչ մի կապ չունեն արտադրանքի որակի հետ:

Այս շաբաթ բրիտանական լրատվամիջոցները նույնպես հաղորդել են Galaxy S7-ի պայթյունի ևս մեկ դեպք, երբ այն պայթել է ուսուցչի ձեռքերի մեջ՝ Անգլիայի սրճարաններից մեկում:

Ինչպես հայտնի է Samsung ընկերությունը տասնյակ միլլիոնի հասնող Galaxy S7 և Galaxy S7 edge մոդելի սմարթֆոններ է վաճառել մարտ ամսին դրանց թողարկումից ի վեր՝ դառնալով աշխարհում սմարթֆոններ վաճառող խոշորագույն ընկերությունը:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել