Կառավարությունը հավանություն տվեց վաճառքի թույլտվության վճարների փոփոխություններին

Կառավարության այսօրվա նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մինչ օրակարգային հարցը ներկայացնելը շնորհավորեց Կարեն Կարապետյանին՝ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Նա միակն էր գործադիրի անդամներից, որ շնորհավորեց նորանշանակ վարչապետին:

Այնուհետը ներկայացրեց օրինագիծ, որի համաձայն, նախատեսվում է առևտրի կետերում վաճառքի թույլտվության վճարների փոփոխություն, գործադիրի կողմից հավանության արժանացավ: Տարոն Մարգարյանը վարչապետին խնդրեց նաև այս նախագծերը համարել անհետաձգելի: Նախագիծը հիմնավորվում է այսպես.

««Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10–րդ հոդվածի 4–րդ կետի    1–ին ենթակետով սահմանված է ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 0–ից 17.500 դրամի չափով տուրք։ Նույն հոդվածի 4–րդ կետի  2–րդ  ենթակետով ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանված է 1.500–ից 17.500 դրամի չափով տուրք։

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10–րդ հոդվածի 5–րդ կետի «գա» ենթակետով համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է` հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում՝ 1000-ից 6000 դրամ, իսկ ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում՝ 0-ից 1000 դրամ.

Վերը նշված տեղական տուրքերի դրույքաչափերը ոչ մի կերպ չեն համադրվում սուբյեկտների շրջանառության չափերի և առևտրային տարածքների «հզորությունների» հետ։ Դրանով անհամեմատ անհավասար պայմանների մեջ է դրվում փոքր առևտրի կրպակների, խանութների, հանրային սննդի կետերի տեղական տուրքերի վճարման բեռը՝ համեմատած սուպերմարկետների, խոշոր ռեստորանային համալիրների և այլ խոշոր օբյեկտների հետ։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով փոքր  և միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից սույն հարցի շուրջ բարձրացված արդարացի բողոքներն ու մտահոգությունը սույն նախագծով առաջարկում ենք տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս որպես չափորոշիչ հաշվի առնել տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքը՝ արտահայտված քառակուսի մետրով։

     Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքի 10–րդ հոդվածի 5–րդ կետի «գ» ենթակետով խանութներում, կրպակներում, տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 30.000-60.000 դրամ։

Մինչդեռ տեխնիկական հեղուկների վաճառքը ներկայումս իրականացվում է ինչպես խանութներում, կրպակներում, այնպես էլ ավտոտեխսպասարկման կետերում, յուղման կետերում, առևտրի ու ծառայությունների այլ օբյեկտներում, որից ելնելով առաջարկվում է օրենքի 10–րդ հոդվածի 5–րդ կետի «գ» ենթակետում լրացում կատարել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել