Մեր տեղեկություններով, Արդարադատության խորհուրդը քննարկել է Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատի նախագահի նշանակման հարցը և հաստատել է այս պաշտոնում նույն դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանի թեկնածությունը և ներկայացել ՀՀ նախագահին:
Առաջիկայում սպասվում է Սերժիկ Ավետիսյանի նշանակման վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրը:
Կից ներկայացնում ենք նրա կենսագրությունը:
Ծնվել է 1966 թվականին, Տաշիրի շրջանում։
1991 թվականին գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ-ի Պաշտպանության նախարարության Կարմրադրոշ ռազմական ինստիտուտի ռազմաիրավաբանական ֆակուլտետը (ք. Մոսկվա):
1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Անդրկովկասյան օկրուգի Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 7-րդ բանակի 59-րդ զինվորական տրիբունալի դատավոր:
1993 թվականից զինվորական ծառայությունը շարունակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պայմանագրերի և արտաքին հարաբերությունների վարչությունում՝ որպես խմբի սպա, ավագ սպա, բաժանմունքի պետ:
1995 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից ընտրվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի դատավոր:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի օգոստոսի 15-ի հրամանագրով նշանակվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի նախագահ` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալ:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի լուծարման կապակցությամբ 1998 թվականի օգոստոսից կատարել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պարտականությունները:
1999 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 20-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
1999 թվականից մինչև 2004 թվականն եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամ:
1995 թվականից զբաղվում է նաև գիտամանկավարժական գործունեությամբ: 2001 թվականից Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի պրոֆեսոր է:
1998 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ` կապված Հայաստանի քրեական իրավունքի զինվորական ասպեկտների համալիր հետազոտման և նոր զինվորական հանցագործությունների տեսական մոդելի մշակման ու ներկայացման հետ:
2005 թվականի մարտի 31-ին ՌԴ Արդարադատության նախարարության Ռուսաստանյան իրավական ակադեմիայի մասնագիտական խորհրդում, քրեական իրավունքի բնագավառում պաշտպանել է դոկտորական թեզը, ունի Ռուսաստանի և Հայաստանի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Հեղինակ է 100 գիտական, ուսումնական, ուսումնամեթոդական աշխատանքների, այդ թվում 10 մենագրությունների, 5 դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, 70-ից ավելի գիտական հոդվածների և միջազգային զեկույցների, որոնք լույս են տեսել Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բուդապեշտում, Գերմանիայում, Լեռնային Ղարաբաղում: Համահեղինակ է նաև Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ 35 հատորով լույս տեսնող <<Քրեական իրավունքի հանրագիտարանի>>:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 26-ի որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` <<իրավաբանություն>> մասնագիտությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանով նշանակվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող Հայաստանի Հանրապետության ԲՈՀ-ի իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի նախագահ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 3-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար Սերժիկ Ավետիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: