Վրաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը Գիորգի Սագանելիձեին հաջողություն մաղթեց՝ երկու հարևան երկրների միջև փոխգործակցությունն առավել սերտացնելու նրա կարևոր առաքելության մեջ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Սագանելիձեն նշեց, որ մեծ պատիվ է ներկայացնել Վրաստանը դարավոր բարեկամ Հայաստանում, և ընդգծեց իր պատրաստակամությունը՝ ներդնելու առավելագույն ջանքեր` ուղղված բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձան Վրաստանի վարչապետի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը տնտեսական, առևտրի, ենթակառուցվածքների, էներգետիկայի, մշակութային ոլորտներում, անդրադարձ արվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ Հայաստանի համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել