«Ես չեմ հասկանում, թե ինչու՞ է մեղադրողը մուննաթ գալիս վկայի վրա». փաստաբան

Քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի (երրորդմասցի Լյովիկ) և նրա երկու ընկերների սպանության գործով այսօր շարունակվեց դատավարությունը, հարցաքննվեց դատակոչված 55 վկաներից վեցը:

Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել (առնվազն 82 փամփուշտ) Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Վկա Սլավիկ Շահբազյանը պատմեց, որ ամբաստանյալներից Սարգիսի եղբայրն է գործակալի միջոցով իր հետ հետ՝ առանձնատան վարձակալության պայմանագիր կնքել: Սարգիսի եղբայրն իրեն ասել է, թե եղբայրն ԱՄՆ-ից ընտանիքով գալու է և բնակվի վարձակալված տանը: Նախապես պայմանավորվել են մեկ-երկու ամիս ապրել, սակայն ավելի շուտ են լքել առանձնատունը: Վարձակալության գումարը նախապես են տված եղել, որևէ խնդիր չի եղել: Դատարանում ասաց, թե պատճառն իրեն չեն ասել, իսկ նախաքննության ժամանակ հայտնել էր, թե Սարգիսն ասել էր, որ տատիկն է մահացել: Վկան հայտնեց, թե ամբաստանյալներից միայն լավն է տեսել, շնորհքով մարդու տպավորություն են թողել:

Այնուհետև հարցաքննվեց անշարժ գույքի գործակալ  Սուսաննա Նավասարդյանը: Նա պատմեց, որ մի տղա է իրենց գործակալություն զանգել, հայտնել, որ առանձնատուն է ուզում վարձակալել, օգնել են, գտել են Սլավիկ Շահբազյանի տունը: Այդ տղային (Սարգիսի եղբորը) ճանաչման են ներկայացրել իրեն նախաքննության ընթացքում:

Հարցաքննվեցին վարձակալված առանձնատան հարևանությամբ գտնվող մեկ այլ տանը բնակվող ամուսինները: Կինը՝ Վարսենիկ Աղաջանյանը հայտնեց, որ ոստիկանությունից և ԱԱԾ-ից վերցրել են իրենց առանձնատան տեսախցիկների DVR-ը, և վերադարձրել են անսարք վիճակում, ստիպված նորն է գնել: Վկայի խոսքով, իրենց տեսախցիկների ֆիքսած նյութերում չի երևացել որևէ հետաքրքիր պատկեր՝ հարևանի վարձակալների վերաբերյալ. միայն երևացել է Սլավիկենց ավտոտնակի դռան եզրը, որ դուռը բացվում, փակվում է: «Եկան նայեցին, ասեցին դիապազոն չկա: Զանգեցին իրանց պետին՝ պետ ջան, դիապազոն չկա, ինչ անե՞նք: Հետո տարան»: Բազմաթիվ հարցերին, թե ինչ է, ի վերջո, պատկերված եղել տեսանյութում, վկան պատասխանեց. «Ես կամերան դրել եմ, որ իմ «գարաժը» տեսնեմ, ոչ թե Սլավիկի»:

Այսօր դատակոչվել էին նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկու աշխատակիցները, ովքեր սպանության օրը 24 ժամյա ծառայության էին եղել քրեակատարողական հիմնարկում: Նրանք դատարանում հայտնեցին, թե դեպքի օրը որևէ ձայն չեն լսել, իսկ նախաքննության ժամանակ ասել էին, թե թույլ կրակոցի ձայներ էին լսել: Այս վկաներից մեկը նույնիսկ ասաց, թե չի հիշում, որ ցուցմունք է տվել, իսկ եթե տվել է, ապա ճիշտ  ցուցմունք է տվել:

Այս վկայի հարցաքննության ժամանակ, երբ նա նշում էր, թե չի հուշում, որ ցուցմունք է տվել, կրքերը թեժացան: Նախագահող դատավորը նույնիսկ համզոմունք հայտնեց, որ վկան իրավունք չի կարդուն, չգիտի՝ ցուցմունքն է ինչ է, մեղադրողը բարկացած հարցրեց, թե վկան ինչու՞ է ժպտում: Այս գործողությունների դեմ առարկեց Լուսինե Սահակյանը.

«Հարգելի դատարան, ես չեմ հասկանում, թե ինչու՞ է մեղադրողը մուննաթ գալիս վկայի վրա, դեռ մի հատ էլ գոռգոռում է: Ու երբ Դուք եք խոսում, Ձեզ էլ ընդհատում է, ու Դուք պետք է վիրավորվեք, հարգելի դատարան»:

Կրակոցների հետևանքով նրանցից մեկի ավտոմեքենայի անիվն է ծակվել, մյուսի՝  կողային ապակին կոտրվել: Սակայն վնասի փոխահատուցման պահանջ չունեն:

Հետաքրքրական է, որ ամբաստանյալների պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանում բազմիցս հնչեցրեց, որ դատակոչված վկաները որևէ կապ չունեն մեղադրանքի հետ և դատարանում «զբաղված են ժամավաճառությամբ»: Եվ այս պատճառաբանությամբ էլ նա առարկում էր մեղադրողի՝ վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակելու դեմ: Սակայն դատարանի կողմից բոլոր միջնորդությունները բավարարվում էին և նախաքննական ցուցմունքները հրապարակվում էին:

Նշենք նաև, որ պաշտպան Լուսինե Սահակյանը ամբաստանյալների գույքի վրա դրված կալանքը հանելու միջնորդությամբ հանդես եկավ՝ նշելով, որ խոսքը  «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մասին է, ինչը պետք է օտարվի: Միջնորդությունը կքննվի հաջորդ դատական նիստին:

Տեսանյութում՝ հատվածներ երկու վկաների հարցաքննությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել