«Մաքսատանը, թվում է, ամեն ինչ ի վնաս ներկրողի է աշխատում»

2015թ. օգոստոսին Գեւորգը Ճապոնիայից ներկրած իր մեքենան ցանկացել է մաքսազերծել, իսկ որպես մաքսային արժեքի որոշման մեթոդ՝ ընտրել գործարքի գնի մեթոդը։ Խնդիրներն սկսվել են դեռեւս Բագրատաշենի մաքսակետում, երբ մաքսակետի հերթափոխի պետը հրաժարվել է ընդունել Վրաստանում գնված մեքենայի վառելիքի կտրոնը՝ պատճառաբանելով, որ չի հասկանում, թե ինչ է այնտեղ գրված։ Ըստ Գ. Մելիքյանի՝ վառելանյութի կտրոնը ներկայացնել անհրաժեշտ է համարել, քանի որ ՀՀ մաքսային ծառայության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, անհրաժեշտ այլ փաստաթղթերի թվում մաքսային ծառայությանը պետք է ներկայացվի նաեւ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված ծախսերի հիմնավորումները։

«Վրաստան հասած մեքենաներում հազվադեպ դեպքերում է, որ բենզին չի լինում։ Սովորաբար մոտ 6-7 լիտրի չափով բենզին լինում է, ինչը բավարար է մինչեւ Հայաստանի սահման հասնելու համար, սակայն ես Վրաստանում էլ լիցքավորել եմ մեքենան եւ չեկն էլ վերցրել, սակայն այն չընդունեցին՝ վրացերեն լինելու պատճառով։ Խնդրեցի ինձ գրություն տալ, որ ես չեկը պատճենահանված թողնում եմ, հետագայում կներկայացնեմ նաեւ նոտարի թարգմանությունը։ Բայց չհամաձայնեց, ասաց. «Ոչ, գնա նոտարով թարգմանի՝ բեր»։ Դա ինձ ասում են շաբաթ երեկոյան, այսինքն կիրակի օրն էլ նոտար չի աշխատում, ուրեմն պիտի սպասեմ մինչեւ երկուշաբթի, բոլոր գործերս թողնեմ, Նոյեմբերյանում քնեմ կամ մեքենան թողնեմ այնտեղ՝ երկուշաբթի օրը թարգմանությունը բերելու համար», ֊ վերհիշում է Գ. Մելիքյանը ու շարունակում, ֊ «Մաքսատան թեժ գծին զանգահարեցի՝ շաբաթ օր, երեկոյան ժամը 6 – 8-ի կողմ։ Պարզապես հետաքրքիր էր, թե դա ինչքան կտեւի։ Արդյունքում՝ հեռախոսիս մարտկոցի լիցքավորումը վերջացավ։ Ես 40 րոպե ուղղակի, զուտ հետաքրքրության համար, հեռախոսիս բարձրախոսը միացրած, սպասել եմ, թե երբ կվերցնեն, այնտեղ ասվում էր, որ բոլոր օպերատորները զբաղված են, սպասեք ձեր հերթին՝ մինչեւ պատասխանեն։ Մաքսատանն այդքան մարդ էլ չկար, սակայն, կարծես, 1,5 մլն մարդ որոշել էր հենց այդ պահին ներգաղթել Հայաստան իր ունեցվածքով ու թեժ գիծը, հնարավոր է, չէր դիմանում։ Արդյունքում չեկն ինձնից չընդունեցին, փաստաթղթերն ինձ մոտ թերի էին, ինձ չտվեցին օրենքով սահմանված այն հնարավորությունը, որ ես լրացնեմ հայտարարագիրն, ու մեքենայիս արժեքը որոշեցին ըստ հսկիչ գնի»։

Գ. Մելիքյանի պնդմամբ՝ ըստ օրենքի, մաքսազերծման հիմնական մեթոդը գործարքային գնի մեթոդն է, սակայն, փաստացի, մեքենաները գործարքի գնի մեթոդով մաքսազերծել մերժում են մաքսային ծառայողները։ Ընդ որում, եթե մեքենայի գործարքային գինն ավելի մեծ է լինում, քան հսկիչ գները՝ գործարքի գնի մեթոդով մաքսազերծել հնարավոր է, իսկ եթե մեքենա գնվել է  ավելի էժան գնով քան շուկայական գինն է՝ պարզվում է, որ ոչ։ Անհրաժեշտ է մաքսազերծել՝ ելնելով շուկայական, հսկիչ գներից։ Նա գտնում է, որ մաքսային ծառայողները պարտավոր էին ասել, թե ո՞ր փաստաթղթերն են պակաս կամ թերի, հնարավորություն տային պարզաբանելու, լրացնելու ու նորից ներկայացնելու, սակայն, ոչինչ չասելով՝ մերժել են։ Ընդհանրապես, Գեւորգի պնդմամբ, մաքսատանը, թվում է, ամեն ինչ ի վնաս ներկրողի է աշխատում։ Ամենափոքր թերության պատճառով վճիռը կարող է ի վնաս ներկրողի լինել եւ ուղղելու, պակասը լրացնելու ոչ մի հնարավորություն, որեւէ ներողամտություն սպասել պետք չէ։

Դատարան դիմելուց հետո դատակքննությունն սկսվել է արդեն ձմռանը՝ 4 – 5 ամիս հետո, իսկ այդ ընթացքում մեքենան մնացել է մաքսատան կայանատեղիում, ինչն օրական շուրջ 1300 դրամ արժե եւ մեքենան մաքսազերծելիս արդեն հարկ է եղել նաեւ 270 հազար դրամ վճարել՝ որպես կայանման վարձ։ Գ. Մելիքյանն ասում է, որ տեղեկացված չի եղել, որ կարող է մեքենան մաքսազերծել՝ դատարանի միջոցով գումարը հետագայում ետ ստանալու հույսով։ Մտածել է նաեւ, որ մաքսազերծման գումարը մուծելն ինքնաբերաբար կնշանակեր համաձայնություն մաքսատան պահանջած մեթոդով մեքենան մաքսազերծելուն։ Մինչ դատը նա դիմել է նաեւ Պետեկամուտների կոմիտե, տեղեկացրել, որ մեքենայի մաքսային արժեքը սխալ է որոշված, խնդրել միջամտել, սակայն ՊԵԿ նախագահի տեղակալ Աֆրիկյանի կողմից ստացած պատասխանում նշվել է, որ մաքսատունը ճիշտ է վարվել։

«Դատարանում տեղի ունեցավ ամենահետաքրքիրը։ Դատական վճռում պարզ ասվում է, որ այո, մաքսային արժեքի որոշման գործարքային մեթոդով պիտի կատարվի մաքսազերծումը։ Բայց տվյալ պարագայում չեն արել ու մեկնաբանել են այսպես. մեքենայի գնման իմ ներկայացրած գինը շատ ավելի ցածր է, քան ԵՏՄ-ի տարածքում գործող շուկայական գներն են։ Մեջբերում են ռուսական  մի քանի կայք։ Մեքենայի գինը պիտի ստուգվի, հաստատվի կամ հերքվի իր ծագման երկրում։ Մենք, չգիտես ինչու, համեմատում ենք ԵՏՄ երկրների հետ», – պատմում է Գ. Մելիքյանը։

Ըստ նրա՝ շփոթությունների պատճառ կարող է լինել անգամ այն, որ հաշվարկներ կատարելիս հայ մաքսավորները որպես արժեքի միավոր ընդունում են ԱՄՆ դոլարը. դրամի եւ դոլարի փոխարժեքի ընդամենը մի քանի դրամի հասնող տատանումները կարող են հանգեցնել այն բանին, որ միեւնույն մեքենայի մաքսային արժեքն այսօր կարող է լինել, ենթադրենք, 1 մլն 600 հազար, մի քանի օր անց՝ 1 մլն 630 հազար դրամ. «Նույն ժամանակահատվածում, երբ ես էի ներկրել, գրեթե նույն մեքենաների մաքսային արժեքներն, իրենց կողմից որոշված, տատանվում էին: Իմ հարցին, թե ի՞նչ մեթոդով են դա արել, ասացին, որ գործարք կատարել են՝ հիմնվելով հսկիչ գների վրա։ Դատարանում տրված իմ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են գները տարբեր, պատասխանեցին, որ հաշվի են առել, թե մեքենան ներկրողն ինչպես, ինչ գնով է գնել դա։ Այսինքն ներկայացրին, որ միաժամանակ ե՛ւ գործարքային գնի մեթոդով, ե՛ւ շուկայական գնի մեթոդով են կատարել գործարքները, դրա համար է այդպես ստացվել։ Բայց ինչպե՞ս կարող են այդ երկու մեթոդները խառնել։ Համենայնդեպս, հետո պարզվեց, որ մեքենաները ներկրվել են մեկ֊մեկուկես ամսվա ընթացքում, իսկ դոլար-դրամ կուրսի մի փոքր տատանումն արդեն բերել է գնի փոփոխության։ Փաստորեն՝ իրենք դատարանում սուտ ասացին»։

Դատաքննության ընթացքում, երբ պատասխանող կողմի իրավաբանները ցանկացել են փաստաթղթեր ներկայացնել այլ մեքենաների մաքսազերծման վերաբերյալ, Գ. Մելիքյանի շահերը ներկայացնող փաստաբանը, պատճառաբանելով, որ դրանք կապ չունեն տվյալ գործի հետ, պնդել է, որ պատասխանեն, թե ինչու հենց այս դեպքում մերժվել է գործարքի գնի մեթոդով մաքսային արժեքի որոշման կիրառումը։ 

«Դատավորն այդ թղթերը չկցեց գործին, չընդունեց որպես ապացույց։ Երկրորդ նիստի ժամանակ, սակայն, իմ փաստաբանը պատճառաբանեց, որ առողջական խնդիրներ ունի, ուղարկել էր այլ իրավաբանի, որին ես տեղում լիազորեցի։ Չգիտեմ, չեմ ուզում ասել, թե փաստաբանիս վախեցրել էին, կամ ինչ էին արել, որ ինքը չեկավ, իր փոխարեն եկել էր մի մարդ, ով կոմպետենտ չէր: Ավելին ասեմ՝ հարբած էր։ Քանի որ նոր ապացույցներ  չէին ներկայացվելու, պարզապես պիտի պնդեի, որ գործարքը կայանա իմ նշած մեթոդով, մտածեցի՝ լավ, թող ներկա լինի։ Հետո, սակայն, տեսա, որ նա ընդհանրապես չի խոսում։ Պատասխանող կողմն էլ, այն փաստարկները, որոնք առաջին նիստի ժամանակ չէին ընդունվել, իսկ երկրորդի ժամանակ արդեն իրավունք չուներ դա որպես ապացույց ներկայացնելու՝ ներկայացրեց։ Դատավորն էլ ընդունեց, չգիտես ինչու, չնայած իրավունք չուներ։ Խախտեց կանոնակարգը։ Այնուհետեւ որոշում կայացվեց, որ ես պարտվել եմ դատարանում։ Որոշման մեջ դատավորն ապացուցված է համարում, որ իմ ներկայացրած թվերն արժանահավատ չեն ու համեմատում է այդ մաքսազերծված մեքենաների 1մլն 600 հազարի հետ՝ միեւնույն ժամանակ նշելով, որ ինքը պարտավոր է դա ստուգել Ճապոնիայում առկա գների հետ, իսկ հաջորդ տողում իսկ՝ գրում, որ ստուգել է հայաստանյան գների հետ…»։

Մերժման հիմքերից մեկն էլ այն է եղել, որ ծովային փոխադրման հաշիվ֊ապրանքագրի մեջ չի երեւում, թե որ նավահանգստից մինչեւ որ նավահանգիստն ընկած ճանապարհն է դրանում ներառված։ Գեւորգը համաձայնում է այն մտքի հետ, որ դա կարող է կասկածի տեղիք տալ, սակայն, միեւնույն ժամանակ, մաքսային օրենսդրությամբ պահանջվում է, որպեսզի ոչ լիարժեք տեղեկությունների դեպքում ներկրողին տրամադրվի որոշակի ժամկետ, նշվեն  առկա թերությունները՝ դրանք վերացնելու, պակասող փաստաթղթերը ներկայացնելու համար։ Վրաստանից ուղարկվել են պակասող փաստաթղթերը, սակայն, ըստ նրա, նա նախ հնարավորություն չի ունեցել նախապես իմանալու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ցանկը, հետագայում՝ դրանք լրացնելու ժամանակ եւ հնարավորություն էլ չի տրվել իրեն։

«Դատարանի վճիռը բողոքարկելուց հետո, 2016թ. ապրիլի սկզբին սկսված քառօրյա պատերազմն ստիպեց, որպեսզի մինչեւ վերջ գնալու մտադրությունս փոխեմ։ Իմանալով ռազմական գործողությունների մասին՝ անմիջապես զանգահարեցի գործում նոր ներգրավված փաստաբանիս եւ ասացի, որ պատերազմի պատճառով պետության դեմ պահանջից հրաժարվում եմ եւ նույնիսկ կմուծեմ նաեւ հաշվարկված տույժերն ու տուգանքները»։

Գ. Մելիքյանը պնդում է, որ մաքսային ծառայողները ներկրողին ընդհանրապես չեն տեղեկացնում, թե մաքսային գնի որոշման ինչ ձեւեր կան։ Մեքենա ներկրողը գնում է մաքսատուն՝ հարցնում, թե ի՞նչ պիտի արվի։ Նրան ասում են միայն, թե մեքենան որտեղ պետք է կայանվի, ինչը պետք է նայվի, դիմել բրոքերական ծառայությանը, մուծումներ կատարել եւ վերջ։ Ներկրողն անգամ չի իմանում, որ կարող է ինքնուրույն հայտարարագրում կատարել։

«Ու ամենակարեւոր հարցերից մեկը, որ կուզենայի ասել այդ տուգանքների հետ կապված՝ օրական 1300 դրամի չափով մոտավորապես։ Ես ճիշտ է, դա մուծեցի, բայց ոչ մի տեղ դրա նշանակության մասին չկարողացա գտնել փաստաթղթերով։ Երբ  մուծում էի դա, թղթի վրա մի քանի թիվ նշված՝ տվեցին (270 հազար դրամ), ասացին գնա՝ բանկում մուծում կատարիր։ Կայանման այդ գումարի նպատակը որեւէ կերպ չի արտահայտվում, թե ինչի համար է։ Երբ մուծում ես մաքսազերծման համար՝ այնտեղ երեւում է, որ ընդհանուր գումարի մի մասը մաքսազերծումն է, մյուս մասը՝ բնապահպանական տուրքը, ինչ-որ կերպ թվերով բաշխված է։ Բայց կայանման գումարի պարագայում ես, թեեւ մուծեցի գումարը բանկում, նպատակն ընդհանրապես չտեսա։ Այնպիսի տպավորություն էր, կարծես մուծել եմ ինչ-որ անհասկանալի գումար։ Եթե սա պատկան մարմինները կարդում են, կարող են հարցում անել, պարզել, թե դա ո՞ւր է գնում։ Որքան գիտեմ (նաեւ բազմիցս այս թեման շոշափվել է սոցցանցերում), ավտոմաքսատան տարածքը պետական տարածք չի։ Ֆիննախարարությունը վարձակալում է, հստակ գումարներ էլ են նշվում։ Հիմա ես չգիտեմ, հնարավոր է՝ ես մուծեցի այդ վարձակալման  գումարի մի մասը, օրինակ։ Իմ նման քաղաքացիներից է երեւի այդ վարձակալման գումարը գանձվում։ Հնարավոր է նաեւ գնաց մեր պետական ծախսերը հոգալու, ես ուրախ կլինեմ, եթե այդպես լինի։ Բայց քանի դեռ չգիտեմ ու, տեսնելով, թե օրենքը ոնց են խախտում, երբ դատավորը կարող է այնպիսի որոշում ընդունել, որ անգամ իրավաբանները չհասկանան, թե ինչպես կարող էր այդպես լինել՝ կասկածով եմ վերաբերվում ամեն ինչին…»։

Վահագն Անտոնյան

Լրագրող, ՀՀ Ժուրնալիստների միության անդամ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել