ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է ու արդեն ուժի մեջ է մտել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծով ամբողջովին նոր խմբագրությամբ է շարադրվում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, նկատի ունենալով առկա կարգավորումների բացերը և հակասությունները.
ա.օրենսդրորեն արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումները (նման դրույթ ներկայումս բացակայում է ՀՀ օրենսդրության մեջ),
բ. սահմանել հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ (կնոջը հղիության արհեստական ընդհատման համար վերջնական որոշման կայացման համար պարտադիր ժամանակահատված, հղիության արհեստական ընդհատման գործընթացների՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության և վերահսկելիության ապահովման նպատակով դիմելու և համաձայնության գրավոր կարգով ներկայացնելու պահանջների սահմանում ):
գ.ՀՀ առողջապահության նախարարին վերապահել հղիության արհեստական ընդհատման բժշկական, սոցիալական ցուցումները, հակացուցումները, անհրաժեշտ հետազոտությունների ցանկերը հաստատելու, հղիության արհեստական ընդհատման գործընթացում ներդրվող փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատելու լիազորություն:
2)«Վարչական իրավախախտումների վերաբերյալ հայաստանի հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծով սահմանել են պատասխանատվության մեանիզմները, դրանք են.
«Հոդված 47.12. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատում (աբորտ) կատարելուց առաջ և հետո օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելը
- Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտից) առաջ կնոջը հղիության արհեստական ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնապատիկի չափով:
- Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտից) անմիջապես հետո կնոջը անցանկալի հղիությունը կանխելու միջոցների և (կամ) մեթոդների ընտրության վերաբերյալ անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնապատիկի չափով:
- Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատման (աբորտի) բժշկական միջամտությունից անմիջապես առաջ հղի կնոջը հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու՝ օրենքով նախատեսված ժամանակահատված չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
- Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 47.13. Օրենքով թույլատրված դեպքերում հղիության արհեստական ընդհատում (աբորտ) իրականացնելիս օրենքով նախատեսված պարտադիր փաստաթղթերը չստանալը
- Օրենքով թույլատրված հղիության արհեստական ընդհատման (աբորտի) դեպքում բժշկի կողմից հղի կնոջ կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը կամ գրավոր համաձայնությունը չստանալը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
- Բժշկի կողմից օրենքով նախատեսված դեպքում հղիության արհեստական ընդհատումն առանց բժշկական հանձնաժողովի որոշման իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից հարյուրապատիկի չափով:
- Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար՝ սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացմամբ և նպատակ ունի օրենքով թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման դեպքերի համար սահմանել վարչական պատասխանատվություն:Պատասխանատվության սահմանման նպատակն է ամրագրված պահանջների կատարումը ապահովելը, ընթացակարգային խախտումները կանխարգելելը:
Ի դեպ, այս խնդրին անդրադարձել է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան` «ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի մոնիթորինգ» այլընտրանքային զեկույցում:
Իրավաբան.net