Երեք հանգամանք, որոնց մասին պետք է իմանան վարորդները

Ստորև ներկայացնում ենք երեք իրավանորմ, որոնց մասին պետք է իմանան վարորդները.

Ի՞նչ անել, երբ միացել է լուսացույցի դեղին ազդանշանն ու չեք կարող կտրուկ արգելակել

Դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողը ձեռքը բարձրացնելու դեպքում այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել կանոնների Կանգ-գիծ» գծանշման առջև, կարող են շարունակել երթևեկությունը: Այդ ազդանշանի դեպքում երթևեկելի մասի վրա գտնվող հետիոտները պետք է ազատեն այն, իսկ եթե դա հնարավոր չէ, կանգ առնեն հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա: Այսինքն, երբ իսկապես անհնարին է դառնում արգելակել, ապա վարորդը կարող է դեղին լույսի ներքո անցնել ու չտուգանվել:

Այս մասին ասվում է ՀՀ կառավարության N 955-Ն որոշման մեջ:

Որտե՞ղ է արգելվում վազանց կատարել

Հաշվի առնելով վթարների հավանականությունը արգելք է դրվել հետևյալ հատվածներում վազանցի կատարումը.

1) խաչմերուկներում.

2) հետիոտնային անցումների վրա.

3) երկաթուղային գծանցների վրա և մինչև 100 մ դրանցից առաջ.

4) վազանց կամ արգելքի շրջանցում կատարող տրանսպորտային միջոցներին.

5) թունելներում, ճանապարհի նեղացումներում, վերելքի վերջում և ճանապարհների սահմանափակ տեսանելիության այլ հատվածներում.

6) կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցին.

7) կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած, ինչպես նաև դրանցով ուղեկցվող տրանսպորտային միջոցներին:

Վարչական իրավախախտումներ վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այսինքն՝ 5000 ՀՀ դրամ:

Ո՞ր դեպքերում իրավունք ունեք կիրառել ձայնային ազդանշան

Ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն`

1) բնակավայրերից դուրս վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար.

2) այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ 5000 ՀՀ դրամով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել