ՊԲ ստորաբաժանումները ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին: Ըստ «Արցախպրեսի»՝ այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը՝ մանրամասնելով, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի խախտումները նվազել են 2-3 անգամ:
Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ առաջնագծում հանգիստ իրավիճակը չի նշանակում, որ հայկական կողմի հետախուզությունը և հեթապահ ստորաբաժանումները թուլացրել են զգոնությունը, քանի որ հակառակորդը շարունակում է ինժեներական և օդային ու ցամաքային ակտիվ գործողություններ վարել:
ՊԲ ստորաբաժանումները ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և վստահորեն շարունակում իրականացնել մարտական հերթապահություն: Լևոն Մնացականյանի խոսքով, ապրիլյան ռազմական գործողությունները տևական լարվածության արդյունքն էր, որի ժամանակ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրները, և չնայած դիրքերի կորուստներ են եղել, սակայն այդ հանգամանքը չի ազդել ՊԲ մարտունակության, պաշտպանունակության ու ծառայության կրման պայմանների վրա: