Մեղադրանք է առաջադրվել Արզական համայնքի ղեկավարին և նրա տեղակալին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Արզական համայնքի ղեկավարին և նրա տեղակալին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

ՔԿ-ից տեղեկանում ենք, որ քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում  պարզվել է, որ Կոտայքի մարզի Արզական համայնքի ղեկավար Ն.Մովսեսյանը ղեկավարել է 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով գյուղացիներին պատճառված վնասը գնահատելու համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքները՝ պետության կողմից տրամադրվող փոխհատուցման չափը որոշելու նպատակով։

Հանձնաժողովն առանց  պատշաճ չափագրումներ կատարելու պատճառված վնասի իրական ծավալներն ուռճացրել է և դրանց հիման վրա կազմել հավելագրված տվյալներով կեղծ ակտեր: Նշված ակտերի հիման վրա՝ Կոտայքի մարզպետարանի կողմից տրամադրվել է նյութական փոխհատուցում, ինչը բաժանվել է 34 բնակիչների միջև։ Նախնական քննության տվյալներով՝ համայնքի ղեկավարի ցուցումով նրա տեղակալը փոխհատուցում ստացած բնակիչներից հավաքել է գումարներ՝ փոխհատուցման ցուցակում չըդնգրկված, սակայն  քամուց տուժած գյուղացիներին փոխանցելու պատրվակով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արզական համայնքի ղեկավար Ն.Մովսեսյանին և նրա տեղակալ Պ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վերջիններս առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչել։ Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել