Չորս ոստիկանի մեղադրանք առաջադրվեց լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար

2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Ա. Դ.-ին և Ն. Պ.-ին:

Ոստիկանության ծառայողներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015 թվականի հունիսի 23-ին, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը դատախազի հաստատմամբ որոշում էր կայացրել՝ ոստիկանության հիշյալ ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Այսպիսով, հիշյալ քրեական գործի նախաքննության արդյունքներով պետական հատուկ ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել