Մեծ հաշվով զինված խմբին առաջադրված մեղադրանքները շատ անհատականացված են լինելու: Ասում է փաստաբան Արսեն Մկրտչյանը: Նշենք, որ ԱԱԾ-ն հայտարարել է, որ 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 (շենքեր, շինություններ զավթելը) և 235 հոդվածներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Խոսելով այս երեք հոդվածների մասին` փաստաբանը նշեց. «Այս երեք հոդվածներն էլ իրենց մեջ ունեն մի կետ, ըստ որի՝ քրեական պատասխանատվությունից ընդհանրապես ազատվելու սկզբունք է նախատեսվում, այն դեպքում, երբ անձը կամովին հրաժարվել է իր պահանջներից: Մենք երեկ ականատես եղանք, որ զինված խմբի անդամները հանձնեցին զենքերը (սա 235-ի դեպքում), 218-ը՝ պատանդ վերցնելն էր, այդ դեպքում արդեն նրանք պատանդ չունեին ու պատանդներին բաց էին թողել, այդ հոդվածն էլ իր դիսպոզիցիայի մեջ ունի նախատեսված մի պայման, որ պատանդին ազատ արձակելուց ու պահանջից հրաժարվելուց քրեական պատասխանատվությունից ազատվում են անձիք, նույնը 219-րդ հոդվածի մասով»,- նշեց պարոն Մկրտչյանը:
Այդուհանդերձ, նա հավելեց, որ սա այն դեպքն է, երբ պետք է անհատականացված մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր անձի նկատմամբ. «Այս բոլոր հոդվածներում նախատեսված է հետևյալ դրույթը՝ եթե արարքի մեջ այլ հանցագործություն չի պարունակում: Հիմա կոնկրետ ամեն մեկի մոտ, չես կարող ասել՝ ինչ է եղել: Փաստը մնում է փաստ, որ ունենք երկու սպանված անձ ու դեռ քննությունը պետք է պարզի, թե այդ ում գործողությունների արդյունքում է, որ մահացել են այդ մարդիկ, ուստի՝ այստեղ կարող է խնդիր լինի սպանության հոդվածով, այն էլ պարզ չի, թե որ սպանության մասին է խոսքը՝ դիտավորյալ, թե՝ ոչ և այլն»:
Փաստաբանը նշեց, որ նշված հոդվածներով մինչև 15 տարի ազատազրկում է նախատեսված. «Ամեն դեպքում, չի բացառվում, որ մեծ մասը ներկայումս հնարավորություն ունի խուսափելու քրեական պատժից»:
Անդրադառնալով հայտարարությանը մեր զրուցակիցն ասում է՝ վերջապես ԱԱԾ-ն նորմալ հաղորդագրություն տարածեց, որում «ահաբեկիչ» բառը չկա և խոսվում է այն մասին, որ ԱԱԾ քննչական վարչությունը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված քրեական գործը նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելու վերաբերյալ. «Ինչի՞ է դա ինձ դուր գալիս ու ինչո՞ւ եմ ես այն նորմալ համարում, որովհետև տվյալ դեպքում ունենք սկզբունք, ըստ որի՝ քննությունը պետք է իրականացվի օրինական, բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ, եթե մնացած բոլոր պայմանները կարող էր ԱԱԾ-ն ապահովել, սակայն անաչառության պահով՝ կասկածների տեղիք կտար, ուստի գերատեսչությունը այս միջնորդությամբ փորձում է մաքսիմալ բաց ու հասկանալի ներկայացնել, որ մի մարմինը, որ իրականացրել է վնասազերծումն ու ուղեկցել է հանձնվելու պահը, չի ցանկանում քննությունը սկսել, քանի որ կարող է օբյեկտիվության խնդիր առաջանալ: Նրանք ներգրավված են եղել օպերացիայի մեջ և քննությունը տանելով, բնական է, որ սեփական թերացումներն ու բացթողումները պետք է փորձեն կոծկել: Հաճելիորեն զարմացած եմ, որ ԱԱԾ-ի պես մարմինը պատրաստ է ու ինքն է միջնորդում գործը փոխանցել այլ քննչական մարմնին, սա առնվազն նշանակում է, որ ԱԱԾ-ն, ըստ էության, օպերացիան իրականացնելու ընթացքից վախենալու և թաքցնելու բան չունի և պատրաստ է անաչառության»,- նշեց փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Իրավաբան.net