«ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է», «ձերբակալվել է 20 ահաբեկիչ». սրանք հատվածներ են Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությունից: Դրանցից երկրորդում, ըստ էության, առկա է նաև դատավճիռը: ԱԱԾ-ն զինված խմբի անդամներին անվանում է ահաբեկիչ՝ առանց հաշվի առնելու անմեղության կանխավարկածը:
ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի համաձայն՝ ահաբեկչությունը` այնպիսի գործողությունը, որն ուղղված է քաղաքացիական անձի կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձի մահվանը կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն կամ դրանց սպառնալիքին այն դեպքում, երբ այդպիսի գործողության նպատակն իր բնույթով կամ էությամբ բնակչությանն ահաբեկելը կամ պետական մարմնի կամ միջազգային կազմակերպության կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման կամ գործողության կատարման կամ դրանցից ձեռնպահ մնալու վրա ներգործելն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ահաբեկչություն համարվող ցանկացած այլ գործողությունը:
Փաստաբան Հայկ Ալումյանը, վերլուծելով ԱԱԾ-ի երեկվա հայտարարությունը, նշում է, թե իր համար պարզ չի, թե ինչ հակաահաբեկչական օպերացիա է իրականացրել ծառայությունը, եթե զինված խմբի անդամները սեփական նախաձեռնությամբ դուրս եկան ու զենքերը վայր դրեցին. «Նախ ես նրանց օպերացիայից ոչինչ չհասկացա, եթե զենքերը հավաքեցին ու այդ մարդկանց վրա ձեռնաշղթաներ հագցրեցին, դա հակաահաբեկչական օպերացիա դժվար է անվանել»,- բացի այդ, ըստ փաստաբանի՝ նրանց գործողություններում ահաբեկչական հատկանիշներ չկան. «Եթե հոդվածի նկարագրությունը կարդանք, չի համընկնում նրա հետ, որ մենք տեսանք այս ընթացքում»:
Պարոն Ալումյանը շեշտեց. «Ինչ գործողություններ էլ, որ կատարել են խմբավորման անդամները, մի կողմ դնենք ոստիկանների զոհվելու հանգամանքը, նրանք կամովին հրաժարվել են այն մինչև վերջ հասցնելուց, իսկ դա նշանակում է, որ նրանք ենթակա են ազատման քրեական պատասխանատվությունից, եթե արդեն իսկ կատարվածի մեջ առանձին հանցակազմ չհայտնաբերվի: Ինչ վերաբերում է ոստիկանների մահվան, ապա երկրորդ ոստիկանի մահը, ես քիչ հավանական եմ համարում, որ կապվում է այս խմբի գործողությունների մեջ: Ես շատ տեղեկատվություն չունեմ, բայց գոնե այն, ինչ ազատ շրջանառության մեջ է, գրեթե զրոյական է առավելությունը, որ կարող է լինի այդ խմբի կողմից»,- փոխանցեց փաստաբանը:
Զինված խմբի անդամներից Արայիկ Խանդոյանի իրավունքների պաշտպան Արայիկ Պապիկյանը շեշտում է՝ ԱԱԾ-ն այդ հայտարարությամբ խախտել է անմեղության կանխավարկածը, սա ամենակարևորն է. «Երկրորդը՝ դա 217 հոդվածի հատկանիշները նրանց արարքը չի պարունակում: Ինձ այդ հիմքը տալիս են Արայիկ Խանդոյանի հետ առանձնազրույցը, գործի որոշ փաստական հանգամանքներ, որոնք չեմ կարող հրապարակել, ԱԱԾ-ն պետք է փորձի հակառակը ապացուցի, բայց ես գտնում եմ, որ ԱԱԾ-ն չի կարողանալու օբյեկտիվ քննության դեպքում հակառակն ապացուցել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Իրավաբան.net