Երեկ Խորենացի փողոցից ուժի գործադրմամբ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել հայտնի դերասանուհի, կանդահայ Արսինե Խանջյանը: Նրան տեղափոխել են Իսակովի պողոտայի վրա գտնվող ոստիկանության ներքին զորքերի զորամաս և շուրջ երեք ժամ պահելուց հետո ազատ արձակել. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Արսինե Խանջյանի փաստաբան Արամազդ Կիվիրյանը:
Նա նշեց, որ դերասանուհին բերման է ենթարկվել մի շարք խախտումներով, որևէ հիմնավորում չի ներկայացվել:
Արամազդ Կիվիրյանը պատմեց, որ նրան բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո փորձել են ճշտել, թե որտեղ է նա գտնվում և, ի վերջւո, երբ մոտեցել են ոստիկանության զորամասին, աշխատակիցն ասել է, թե Արսինեն իրենց մոտ չէ, թույլ չեն տվել մուտք գործել:
«Երբ մենք պնդեցինք, որ մեր տեղեկությունը հավաստի է, որ նա գտնվում է այդեղ, աշխատակիցն ասաց, որ կճշտի վերադասի հետ: Եվ միայն դրանից հետո ազատ արձակեցին Արսինե Խանջյանին»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:
Փաստաբանի խոսքով, այս ժամանակ խոսակցություններ են եղել, որ շուրջ 70 մարդու են բերման ենթարկել այդ զորամաս, և զորամասի մուտքի մոտ հավաքվածների մեջ եղել են բերման ենթարկվածների հարազատներ, փաստաբաններ, որոնց մուտքը նույնպես խոչընդոտվել է:
Փաստաբանը հայտնեց, որ ներկայումս իր վստահորդի հետ քննարկում են իրենց հետագա քայլերը: