Այսօր Նորայրը տուն կգար, չի բացառվում, որ ընկերները նորից շուրջպար կազմեին ու ինչպես բանակ գնալուց, այնպես էլ այսօր նա կպարեր նրանց կենտրոնում։ Այսօր Գասպարյանների ընտանիքում ամեն պահ սպասում են տան դռան թակոցին, տղան զոհվել է, բայց ծնողները հույսը չեն կորցրել, միգուցե նա թակի, բացեն ու ժպիտը դեմքին ներս մտնի։
Նորայրը իր վերջին պարը պարեց ապրիլի 2-ին, պարեց, հետո նստեց տանկն ու գնաց կռվի։
Նորոն բոլոր լուսանկարներում ժպտում է
Կապանը մեծ քաղաք է։ Նորայր Գասպարյանի տունը քաղաքի մի ծայրում է, այստեղ՝ Կապանում Ա․ Մանուկյան նրբանցքի կամ էլ Կապանի փռի տեղը քչերը գիտեն, բայց հարցրեք՝ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Նորայրի տունը որտե՞ղ է, միանգամից կպատասխանեն։
Պատերազմը չէ, որ Նորայրին հայտնի է դարձրել այս քաղաքում, մինչ այդ էլ նրան հայրենի քաղաքում լավ ճանաչում էին։ Փողոցում զրուցելով գալիս էի կապանցիների հետ, նրան բնորոշում էին որպես հայրենասեր, ժպտերես ու տաղանդավոր երիտասարդ, ում տարերքը պարն էր։
Նորայր Գասպարյանի տան պատշգամբից Կապանի գեղեցիկ տեսարանն է, տանը՝ գետնին պառկել է փոքր շնիկը, որը Նորայրի եղբայրն էր գնել՝ հերոսի համար։
Նորայրի մայրը ինձ տանում է հերոսի սենյակ, ցույց է տալիս փոքրիկ խաղալիքները, հուշանվերները, արձանիկները, ասում է՝ աղջիկներն են իր որդուն նվիրել․ «Նա սիրված էր բոլորի կողմից, բացառապես բոլորի»,- ասում է մայրը՝ Նունե Աթաջանյանը, իսկ հայրը՝ Ժորա Գասպարյանն ավելացնում է․ «Նա բոլորի հետ լեզու էր գտնում, անկախ՝ ինչ տիպի մարդ էր դիմացը։ Նորոն ամբողջ ընթացքում զբաղված էր, նա իր արվեստով էր զբաղված, ռեստորանների աշխատողները բոլորը գիտեին նրան, շատ հետաքրքիր անձ էր»։
Նորոն բազմաթիվ պլաններ ուներ, այն ընթացքում, երբ երիտասարդը ծառայում էր զինված ուժերում, հայրը, մայրն ու ավագ եղբայրը աշխատում էին Ռուսաստանում, Նորոյի հորդորների արդյունքում, նրանք վերադառնում են հայրենիք․ «Ես իրան բանակ ճանապարհ չեմ դրել, վերջին անգամ, որ տեսա, ասաց․ «պապ, հեսա գամ, տեսնես՝ ինչեր ենք անելու», ես էլ ասեցի՝ ամեն ինչով կօգնենք»,- մայրն էլ հիշեց․ «Նորոն զանգեց մեզ, ասաց, թե ինչո՞ւ եք Ռուաստանում մնում, եկեք Հայաստան, վարձով տուն կվերցնենք, Երևանում կշարունակենք ապրել, այստեղ գործ կանենք, ես էլ բուհ կգնամ, ասաց՝ մամ երկու սենյականոց կվերցնես, պարի երեխեքն են գալու, որ միասին բոլորս ստեղ լինենք»։
Նորոյի համար պարը ամեն ինչ էր, 10 տարեկանից պարում էր։ Ասում են հարազատները, նա նաև արաժանացել է վաստակավոր կոչման ։
Կռիվ գնալուց առաջ պարեց իր վերջին պարը
Նորոն ապրիլի երկուսին՝ գիշերը 04։30-ի կողմերը զանգահարում է եղբորը․ «Ասաց, պատերազմ ա, վիճակը լավ չի, մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար»,- պատմում է եղբայրը՝ Միշա Գասպարյանը։
Նորոն տանկիստ էր, հրամանատար․ «Վերջին անգամ նա տանկ նստելուց առաջ պարում է, հա, պարում է իր վերջին պարը, գլխարկը պտտում է, հրաման տալիս ու գնում են կռվի»,- ասաց մայրը։
Նա նաև փոխանցեց, որ Նորոյի հրամանատարությամբ տանկը լավ կռվել է մարտի դաշտում․ «Ասում են, որ իրանք անօդաչու սարք են խփել, երկու տանկ են խոցել, հետ գալուց նրանց անօդաչու սարքն է խփել ու վառվել է տանկը»։
«Ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ»
«Ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ, սակայն այս այդ վերջակետի դեպքը չէ, այլ պետք է դրվի միայն ստորակետ, որից հետո դեռ նոր պետք է շարունակվի այն ճանապարհը, որը սկսել ենք»,- Նորոյի վերջին գրառումն էր սոցիալական ցանցում։
Եթե չլիներ պատերազմը Նորոն կշարունակել պարել, օգնել ընտանիքի անդամներին, նորից նրա մասին կլսեինք, կլսեինք շատ, բայց պատերազմը վերջակետ դրեց նրա կյանքում։
Նորոն զոհվեց հերոսաբար, զոհվեց 20 տարեկանում։
Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net