Ոստիկանները անհամաչափ բռնություն են կիրառել. ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցվել

Մի խումբ քաղաքացիների հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների հիման վրա տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից առերևույթ  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տեղեկություններ այն մասին, որ 2016 թվականի հուլիսի 17-ին մի խումբ զինված անձանց կողմից Երևանի Մ. Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գունդը զավթելուց հետո՝ տարբեր օրերի, ՀՀ ոստիկանության ծառայողները իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից, Երևան քաղաքի տարբեր վայրերից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքում գտնվող ստորաբաժանումներ են տարել անձանց, նրանց նկատմամբ բռնություն են գործադրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ինչպես նաև օրենքով նախատեսվածից ավելի ժամանակով ապօրինի պահել են այնտեղ՝ անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:  

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ոստիկանության ծառայողները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը և բերվածներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանների լիազորությունների իրականացմանը: 

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով, 164-րդ հոդվածի 2-րդ մասով, 332.3-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել