Հայտարարություն Իրավաբան.net-ի լրագրող Գևորգ Թոսունյանին բռնության ենթարկելու և մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ

Հուլիսի 21-ին Խորենացու փողոցում մի քանի հարյուր քաղաքացիներ են հավաքվել՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավված զինված խմբի և ոստիկանության ներկայացուցիչների մինչև հավանական բախումները կանխելու նպատակով: Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման և դրան վերաբերելի դեպքերը լուսաբանելու նպատակով Խորենացու փողոցում և դրա հարակիրց հատվածներում իր մասնագիտական գործունեությունն է կատարել Իրավաբան.net լրատվական կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը:

Տիգրան մեծ պողոտայում նա տեսանկարահանել է միջադեպ, թե ինչպես են քաղաքացիական անձանց ուղղությամբ քարեր նետվում այլ քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Քարեր նետողները բռնություն են կիրառել լրագրողի նկատմամբ՝ քաշքշել, գետնին գցել, հարվածել, այնուհետև բռնությամբ վերցրել տեսախցիկի հիշողության քարտը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Իրավաբանների հայկական ասոցիացիան խստորեն դատապարտում է բռնությունները, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքը և ընդգծում, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է:

Իրավաբանների հայկական ասոցիացիան կոչ է անում իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով անմիջապես իրավական գնահատական տալ արարքին և ձեռնարկել միջոցներ՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել