Գնդապետ Արթուր Վանոյանը իր երդումը չդրժեց կյանքի գնով

«Ես, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը: Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս»,- սա ոստիկանների երդումն է։ Այս երդումը Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը չդրժեց կյանքի գնով։

Հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, նրանք զենքի սպառնալիքով հորդորել են տեղում գտնվող ոստիկաններին հանձնվել, Արթուր Վանոյանը զենքը վայր չի դրել, սկսվել է հրաձգություն, որի արդյունքում նա հրազենային վիրավորում է ստացել ու մահացել։

Այսօր՝ հուլիսի 20-ին, Աբովյան քաղաքում ընտանիքի անդամները, հարազատները ու ոստիկանները հողին հանձնեցին Արթուր Վանոյանին։ Նա հետմահու արժանացել է մի շարք մեդալների։

Արթուր Վանոյանի հարևաններն ասում էին, որ նա մշտապես փորձում էր աջակցել ոչ միայն ընտանիքի անդամներին, այլ նաև իրենց․ «Փոքրերի հետ փոքրի պես էր, մեծի հետ մեծավարի, բոլորի հետ ընկերություն էր անում»,- հիշում էին հարևանները։

Արթուր Վանոյանը մասնակցել է նաև Արցախյան պատերազմին, նշեց նրա մարտական ընկերներից Մելիքսեթ Մանուկյանը․ «Ես նրան ճանաչել եմ Աբովյանից, բայց 1994թ․ եղել են միասին մարտական դիրքերում։ Նա իր երդումն այդպես էլ չդրժեց»,- ասաց ազատամարտիկը։

Այսօր Խորենացի փողոցում հավաքված ցուցարարները, ովքեր սատարում են զինված խմբին, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված ոստիկանի հիշատակը։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել