Վերաքննիչ քրեական դատարանն արդարացրեց անձին

Երեկ՝ հուլիսի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը արդարացրել է Ղուկաս Ավագյանին: Նա առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50 հազար ՀՀ դրամի չափով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Հունան Բաբայանը:

Ղուկաս Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 30.08.2015թ. Երևան քաղաքի Վ.Փափազյան 2-րդ նրբ. 84/1 տան դիմաց վիճաբանել է Հարություն Թերզյանի հետ իր ընտանիքի անդամների ուղղությամբ մեքենան վարելու պատճառով, որի ընթացքում դիտավորյալ բռունցքով 2 անգամ հարվածել է վերջինիս գլխի ձախ ականջային հատվածին` պատճառելով ֆիզիկական ցավ:

Փաստաբանը վերաքննիչ բողոք է բերել: Վերաքննիչ քրեական դատարանում բողոքը քննվել է հետևյալ կազմով նախագահող դատավոր Արմեն Դանիելյան, դատավորներ՝ Կարինե Ղազարյան ու Ռուզաննա Բարսեղյան:

Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատավճիռը և արդարացնել Ղուկաս Ավագյանին:

Լուսանկարում՝ փաստաբան Հունան Բաբայանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել