Այսօր Երևանում տեղի ունեցավ Փոքր և միջին ձեռնարկատիրությունը պետական-մասնավոր երկխոսության շրջանակներում հանդիպում քննարկումը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը, նա ներկայացրեց կազմակերպությունը, կատարված ու կատարվելիք անելիքները, ոլորտի խնդիրները:
Այնուհետև ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակի փորձագետ Հակոբ Ավագյանը նշեց, որ այսօր ՓՄՁ-ի ու ոլորտի համար ամենաարդիականը հարկային օրենսգիրքն է:
Նա ոլորտային վերլուծություններ էր կատարել, որպես ելման կետ վերցրել էր 2013թ. գրասենյակի կողմից կատարված կիսամյակային վերլուծությունը, թիրախային խումբ վերցրել էին ՓՄՁ-ն, իսկ ավելի թիրախային՝ գերփոքր ընկերությունները:
Շփոթություն չառաջանալու համար՝ նա ասաց, որ ՓՄՁ աջակցության մասին օրենքով տրված են սահմանումներ, ըստ որոնց՝ գերփոքր ընկերությունները նրանք են, որոնց տարեկան շրջանառություն չի գերազանցում 100 մլն դրամը, աշխատողների քանակը տաս և այլն, նույն չափանիշներով՝ փոքրը 500 մլն շրջանառություն և 50 աշխատատեղ չգերազանցողն է, իսկ միջինը 1,4 միլիարդ դրամ և 250 աշխատող չգերազանցող ընկերություն է:
Համեմատականները տարվել են 2013, 2014 և 2015թթ.-ի տվյալների հիման վրա:
Հակոբ Ավագյանը, խոսելով ՓՄՁ-ի դերակատարության մասին ըստ հարկային ռեժիմների, ասաց, վերջին երեք տարիներին ՓՄՁ-ները ակտիվ հարկ վճարողների շարքում մեծամասնություն է կազմում, մինչդեռ հարկային եկամուտներում մեծ դերակատարություն չունեն, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս, որ հարկային եկամուտները դիվերսիֆիկացված չեն:
2013-2015թթ.-ին էական փոփոխություն չի գրանցվել ՓՄՁ-ների տեղաբաշխվածության մասով: Այս ձեռներեցները հիմնականում գործունեություն են ծավալում են հենց Երևանում, մարզեր կան, որտեղ ընդամենը 1,2 տոկոս ակտիվություն է երևում:
«Հաջորդ մտահոգիչ փաստը վերաբերում է ՓՄՁ-ների սուբյեկտների կառուցվածքին՝ ըստ գործունեության ոլորտների: Բաժանել ենք երեք հիմնական ճյուղերի՝ արտադրություն, առևտուր և ծառայություն: Ցավոք սրտի պատկերը կրկին լավը չէ, քանի որ փոքր ձեռնարկությունների 23 տոկոսը զբաղված է առևտրի ոլորտում, իսկ գերփոքրի մոտ 59,7 տոկոս է: Եթե համեմատենք վերջին երկու տարիների հետ, պատկերը նույնն է»,- ընդգծեց փորձագետը:
Իսկ ի՞նչ կազմակերպաիրավական ձև են նախընտրում տնտեսվարողները: Հակոբ Ավագյանի խոսքերով՝ մեծամասնությունը կազմում են անհատ ձեռնարկատերերը. «Պետռեգիստրում 160 հազար տնտեսվարողներից 101-ն ու մի փոքր ավելին անհատ ձեռնարկատերերն են, դրա երկրորդ տեղում է ՍՊԸ-ները, հետո գալիս են ՓԲԸ-ներ և այլն: Այստեղ էլ մենք տեսնում ենք, որ ավելի շատ նախապատվությունը տվում է կարճաժամկետ բիզնես պրոյեկտների, իմ կարծիքով ԱՁ գրանցելը, իմ կարծիքով, հենց դրա մասին է խոսում: Բաժնետիրական ընկերությունների մասով մեզ մոտ պատկերն այնքան էլ լավը չէ»,- ամփոփեց նա:
Իրավաբան.net