«Քաղաքացի նախագծի» շնորհիվ երեխաներն առավել ակտիվ են դարձել

40 դպրոցներ ՀՀ երեք մարզերից (Տավուշի, Կոտայքի և Շիրակի), ընդհանուր առմամբ 100 ուսուցիչներ և աշակերտներ. նման մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ «Քաղաքացի նախագծի» հանրապետական շնորհանդեսը:

«Այս ծրագիրը մեր կազմակերպության այցեքարտն է,- մասնակցիներին ողջունելով ասաց Հայկական-ՍԻՎԻՏԱՍ կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը, նա շարունակեց.- «Քաղաքացի նախագծի» հանրապետական շնորհանդեսը տարվա ամփոփիչ ու կարևորագույն միջոցառումն է, որի շրջանակներում մենք փորձում ենք մեկտեղ հավաքել մեր գործընկերներին, աշակերտներին, ուսուցիչներին ու ներակայացնել մեր կատարած աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները: Այս շնորհանդեսը մեր վերջին երկու տարվա արդյունքներն է նաև իրականացնում»:

Կոտայիք մարզի Նոր Հաճնի ավագ դպրոցի ուսուցիչ Ֆլորա Երանոսյանն այստեղ էր իր դասարանի հետ: Նա փոխանցեց, որ «Քաղաքացի նախագծի» շնորհիվ երեխաներն առավել ակտիվ են դարձել. «Քաղաքացիական նախաձեռնությունն իրենց մոտ բարձրացել, եթե նախկինում ամաչում էին դիմել քաղաքապետարան կամ այլ մարմին, հիմա արդեն իրենք ուղիները գտան և որպես քաղաքացի իրենց ակտիվության դրսևորումներն ավելի բարձրացավ, այդ կոմպլեքսավորվածությունը, կաշկանդվածությունը հետ է մղվում: Կարողանում են հարցերն առաջ քաշել ու խնդիրների լուծում կատարել»,- ասաց ուսուցչուհին:

Ւսկ այս դպրոցի աշակերտները առաջարկում են պայքարել իրենց քաղաքում թափառող շների դեմ: Նրանք հարցումներ են առաջարկել, կապեր հաստատել պատասխանատու մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց հետ, լուծումներ գտել:

Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի աշակերտները առանձնացրել են լուսավորության խնդիրը. «Բոլորը ցանկանում են ապրել լուսավորվածության համայնքում: Այդ խնդիրը մենք ընտրել ենք հարցազրույցների միջոցով: Մենք ուզում ենք, որ փողոցները լուսավորվի, որովհետև, երբ մութ է լինում գողություններն են շատանում, վթարներ լինում, մարդիկ չեն կարողանում մթության մեջ գնալ, խոսել միմյանց հետ»,- ասում էին աշակերտները:

Գոշ համայնքում առաջնային է աշխատատեղերի խնդիրը, աշակերտներն հատուկ այն առանձնացրել էին, քանի որ իրենց ծնողները ստիպված են լինում գնալ արտագնա աշխատանքի:

Նշենք, որ նախագիծն իրականացվում է «Ժողովրդավարություն և մարդու իրավունքի կրթությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ:

Նախագծի նպատակն է սովորողներին խրախուսել դառնալ ակտիվ քաղաքացիներ՝ նրանց ցույց տալով, թե ինչպես նրանք կարող են նպաստել իրենց համայնքների բարելավմանը քաղաքականության ուսումնասիրման գործընթացի միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել