Բաց կառավարման գործընկերության (OGP) Կառավարման կոմիտեն որոշում է ընդունել Ադրբեջանին տալ ոչ ակտիվ անդամի կարգավիճակ՝ երկրում հասարակական կազմակերպությունների գործունեության համապատասխան պայմաններ չապահովելու համար. այս մասին տեղեկանում ենք Բաց կառավարման գործընկերության պաշտոնական կայքից:
Բաց կառավարման գործընկերության կոմիտեն, որը հավասարապես բաղկացած է կառավարության և քաղաքացիական հասարակության 22 անդամից, վերոնշյալ որոշումն ընդունել է Հարավային Աֆրիկայի Քեյփ Թաունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Որոշմանը կողմ է քվեարկել 16 անդամ, 3-ը՝ դեմ, 3-ը ձեռնպահ են մնացել: Ադրբեջանի կառավարությունը ունի առավելագույնս մեկ տարի ժամանակ՝ հասարակական կազմակերպությունների գործունեության պայմանները բարելավելու համար: Ադրբեջանը կլինի ոչ ակտիվ անդամ և OGP-ի ընտրությունների ժամանակ քվեարկելու հնարավորություն չի ունենա, իսկ միջոցառումներին կարող է մասնակցել միայն ուսուցողական նպատակներով՝ որպես դիտորդ:
Նախորդ տարվա ապրիլին 3 հասարակական կազմակերպություններ բարձրացրել են Ադրբեջանում քաղհասարակության հանդեպ առկա մարտահրավերի վերաբերյալ իրենց մտահոգությունը: Դիմումների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մտահոգությունները հիմնավորված են:
Նշենք, որ Ադրբեջանն անդամակցում է OGP-ին 2011 թվականից: Սա առաջին դեպքն է, երբ կառույցն իր անդամին ոչ ակտիվ կարգավիճակ տալու մասին որոշում է ընդունում: