Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով այսօր դատարանում շարունկավեց վկաների հարցաքննությունը: Գործը քննվում է Այսօր Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ:
Դատակոչված հարևանուհին դեպքի վերաբերյալ տեղեկություններ չուներ, միայն հայտնեց, որ գիշերը որևէ աղմուկ չի լսել, իսկ ամբաստնյալ Մուշեղ Մխիթարյանին ճանաչում է որպես հարևան, ով նույն շենքում վարձակալությամբ է բնակվել:
Հարևաններից Էդգարը պատմեց, որ Մուշեղի հետ ծանոթացել է Ռուսաստանից վերադառնալուց հետո, վերջինս իրեն առաջարկել է «ախրանիկի» գործ: Շփումները գործնական են եղել, և գործի բերումով հաճախ է զանգել նրան, սակայն մտերիմ չեն եղել, և ընդհանուր առմամբ, մոտ 10 անգամ են հանդիպել:
Դեպքի օրն առավոտյան իրեն զանգել ու իր տուն է կանչել Մուշեղը: Վախեցած տեսք է ունեցել, ասել է, թե երկու հոգի են եկել, սպառնացել՝ կնոջն ու երեխային վնասել, ու թողել-գնացել են: Խնդրել է 5 րոպե իր հետ նստել: Ինքն էլ շուրջ 5 րոպե նրա մոտ է մնացել: Այս ժամանակ Մուշեղը պառկած է եղել: Նրա տանն է եղել նաև մի աղջիկ, ում չի ճանաչել, բայց մի քանի անգամ տեսած է եղել:
Ամբաստանյալ Մուշեղի տված հարցերից, սակայն, ենթադրվում է, թե այդ աղջկա հետ ինքը ծանոթացրել է Էդգարին: Աղջիկը այս գործով անցնող կարևոր վկաներից Աննան է, ով Մուշեղի հետ է եղել սպանության օրը, և ցուցմունք է տվել նրա դեմ:
Ի դեպ, դատավորը բավականին խստապահանջ էր ամբաստանյալի հանդեպ և նրա տված բոլոր հարցերը հանում էր՝ պահանջելով կրկնողական հարցեր չտալ կամ էլ «հարցերը տալ ըստ էության»: Ի վերջո, ամբաստանյալը նյարդայնացավ և գրառումների տետրը նետեց սեղանին. «Էլ հարց չունեմ»: Ամբաստանյալը, սակայն, իր այս բողոքի համար նախազգուշացվեց:
Դատարան էր կանչվել նաև Մուշեղի ծանոթուհիներից մեկը. պատմեց, որ միասին աշխատել են՝ «Իբր ինձ սիրում էր», նրա հանդեպ թշնամություն չունի: Դատարանն ամբաստանյալին ճտող հարց տվեց.
-Ճի՞շտ է, որ թշնամություն չկա:
-Ոչ թե իբր, այլ հիմա էլ սիրում եմ: …Ես իրեն սիրում եմ, իմ թշնամին չի:
Աղջիկն այնուհետև պատմեց, որ Մուշեղին ճանաչել է 2013 թվականից: Ընկերություն են արել, սակայն իր հարազատներն արգելել են շփվել նրա հետ: Իսկ վերջին անգամ հանդիպել են Պարոնյան թատրոնի մոտ գտնվող այգում, նա իրեն ասել է՝ զգույշ եղիր, պատմել, թե նրա վրա հարձակվել են շենքի շքամուտքում, և կարող է իրեն էլ վնասեն, քանի որ կապ ունի նրա հետ:
Իսկ սպանության օրը Մուշեղն իրեն զանգել է, ասել, որ Անիին սպանել են: Անձամբ ինքը Անիին չի ճանաչել, սակայն Մուշեղը պատմել է նրա մասին, ասել, որ կինն իրեն օգնում է, սրտակից ընկերներ են:
Վկան ասաց, թե Մուշեղն իրեն խաբել է, ասել է՝ 31 տարեկան է, իսկ արդեն քննչական գործողությունների ընթացքում պարզել է, որ այս ժամանակ 15 տարեկան է եղել:
Այսօր դատակոչվել էին նաև երկու վկաներ, ովքեր տարբեր խանութներում են աշխատում, և դեպքի օրը ապրանք էին վաճառել Մուշեղին: Սակայն նրանք երկուսն էլ հայտնեցին, որ հատուկ չեն ֆիքսել գնորդին:
Գործով հարցաքննվել է 10 վկա, դատակոչված մյուս վկաները չեն ներկայանում դատարան: Մեղադրողի միջնորդությամբ այսօր որոշում կայացվեց՝ հաջորդ դատական նիստին նրանց բերման ենթարկելու վերաբերյալ: