Փաստաբանը վստահ է՝ ընկերուհու սպանության մասին խոստովանական ցուցմունքը Դավիթից բռնությամբ են կորզել

Մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանից բռնության միջոցով ցուցմունքներ են կորզել: Այսօր դատարանում հայտարարեց ամբաստանյալի փաստաբանը Կրոմվել Գրիգորյանը:

Նա անդրադարձավ վարույթ իրականացնող մարմնի դատավարական սխալներին. «Մինչ այս հրապարակված ցուցմունքներում Դավիթ Թամրազյանի մեղքն ապացուցող փաստ չկա, վկաներից Միլենա Միրիջանյանին երեք օր պահել են ոստիկանության բաժանմունքում, որից հետո նա միայն մեղադրող ցուցմունք է տվել: Իմ պաշտպանյալի համոզմամբ՝ սպանությունը ինքը չի կատարել, իրենց բռնության տակ ցուցմունքներ են կորզել: Վարույթ իրականացնող մարմինը ցուցաբերել է շտապողականություն ու առանց Դավիթ Թամրազյանի գրավոր ցուցմունքի նրան ձերբակալել է»,- ասաց փաստաբանը:

Միլենա Միրիջանյանը Դավիթ Թամրազյանի մտերիմներից է եղել, նա նույնպես հարցաքննվել է դատարանում:

Հերթական նիստին, որն ընթանում էր Աջափնյակ և Դավիթաշեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, Կրոմվել Գրիգորյանը հայտարարություններ արեց նաև հետաքննության ընթացքում կատարված դատավարական խախտումների վերաբերյալ: Նա ասաց, որ Դավիթ Թամրազյանի բնակարանը խուզարկելու երկու միջնորդություն է ներկայացվել նույն դատարան, սակայն տարբեր դատավորների. «Սա վարույթ իրականացնող մարմնի խորամանկությունն է, որ եթե նույն դատավորի մոտ միջնորդություն արվեր, կմերժվեր, իմանալով, որ հերթապահողն այլ դատավոր է, մտել են դատարան ու այլ դատավորի կողմից են ստացել խուզարկության մասին որոշումը: Դատավարական առաջնային խախտումներից է նաև այն, որ իմ պաշտպանյալի բնակարանում խուզարկության հայտնաբերված առարկաները չեն կնիքվել»,- նշեց պարոն Գրիգորյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթն անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, աղջկան խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքվ վերջինս տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել